Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:
«ԵԱՀԿ անդամների համար հատուկ գլխացավանք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ի՞նչ եք կարծում, իմաստ ունի գագաթնաժողովից որևէ առաջընթաց ակնկալել այդ ուղղությամբ»,- նախարարին հարցնում է ռադիոկայանը:
«Ռուսաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ինչպես նաև որպես երկիր` հաշվի առնելով մեր բարի հարաբերությունները և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղվում այս հարցով: Նա արդեն յոթ կամ ութ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ, որոնց ընթացքում լրջագույն փորձ է կատարվել ներթափանցել դեռ առկա տարաձայնությունների մեջ և հաղթահարել դիրքորոշումների տարբերությունը: Նրա նպատակն է մշակել «Կարգավորման հիմնական սկզբունքները» վերնագրով առաջին կոլեկտիվ համապարփակ փաստաթուղթը, որը կսահմաներ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների հիմնական ուղղությունները` որպես իրավաբանական տեսանկյունից պարտավորություններ սահմանող վերջնական փաստաթուղթ: Կարգավորման հիմնարար սկզբունքների ճնշող մեծամասնության շուրջ արդեն փոխըմբռնում է ձեռք բերվել: Սակայն լուրջ խնդիրները դեռ պահպանվում են:
Մենք սերտորեն համագործակցում ենք ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահների: Աստանայի գագաթաժողովի նախօրեին նրանք հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Նրանց հանձնարարված է Աստանայի գագաթաժողովի համար նախապատրաստել հայտարարություն, որի ներքո կկարողանան ստորագրել և Բաքուն, և Երևանը, և համանախագահները: Հուսով եմ, որ դա կհաջողվի: Վերջերս տարածաշրջանում` հայ-ադրբեջանական շփման գծում, մենք ականատես ենք հարաբերական խաղաղության: Սակայն ես դեռ չեմ կարող ասել, թե Աստանայի գագաթնաժողովում կհաջողվի իրական առաջընթաց արձանագրել այն հարցերում, որոնք վերաբերում ենք բուն կարգավորմանը: Սա շատ տքնաջան աշխատանք է: Երբեմն անհրաժեշտ է լինում հաշտեցնել կողմերի` տրամագծորեն տարբեր դիրքորոշումները, և այս աշխատանքը ձանձրույթ չի հանդուրժում: Եթե Աստանայի գագաթնաժողովն օգնի հետագա առաջընթացին, ապա դա լուրջ ձեռքբերում կլինի»: