Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հասարակության տարբեր շրջանակներում շատ հաճախ` գրեթե ամեն օր, դժգոհություն ենք լսում իշխանությունից, նրա ձեռնարկած քայլերից, տարբեր հաստավիզների պահվածքից ու վարքագծից, որը հաճախ ավարտվում է «դե, երկիր չի, էլի», «ստեղ օրենք չկա», «ճիշտը ստեղից գնալն ա» արտահայտություններով: Եվ շատերը գնում են, շատերն էլ ապրում են հիասթափված, առանց որևէ ջանք գործադրելու, որ «երկիրը երկիր դառնա»:
Ավելին, մեզ համար, կարծես, սովորական երևույթներ են աղբարկղի կողքին շպրտված աղբը, գետնանցումի վրայով փողոցը հաճախ երեխայի ձեռքը բռնած վազելով անցնող անցորդները, մեքենայի պատուհաններից հնարավոր ու անհնար իրեր շպրտող վարորդները, օրենքով արգելված հասարակական վայրերում, նույնիսկ հիվանդանոցներում ու դպրոցներում ծխողները: Եվ դրանում արդեն մեղավորը ո՛չ իշխանությունն է, ո՛չ օլիգարխները, ո՛չ էլ «պետությունը»:
Մեղավորը մենք ենք` բոլորս, քանի որ հանդուրժում ենք, քանի որ աչք ենք փակում, իսկ հետո՝ դժգոհում: Իսկ նրանք, որ թողնում են երկիրն ու գնում են, արտասահմանում դառնում են ամենաօրինապաշտ քաղաքացիները:
Իսկ ինչո՞ւ նույնը չենք այստեղ, ի՞նչն է խանգարում մեզ օրինապաշտ լինել Հայաստանում, ամեն մեկս մեր տեղում, առանց ուրիշի օրինախախտումը` որպես մեր արածի արդարացում մատնացույց անելու: Չէ՞ որ ուրիշից օրենքի նկատմամբ հարգանք պահանջելու բարոյական իրավունք ունի միայն այն մարդը, ով ինքն է հարգում օրենքը: Երևի մեր «երկիրը երկիր կդառնա» այն ժամանակ, երբ ոչ միայն յուրաքանչյուրը կպահպանի օրենքը, այլև դիմացինին թույլ չի տա խախտել այն: