Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 8-ին Լոնդոնում անցկացված «Ռուսական արվեստի աճուրդի» ժամանակ վաճառքի էր հանվել նաեւ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը:
Աճուրդին ներկա լինելու համար Լոնդոն էր մեկնել նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նա «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ կտավը վաճառվել է 320 հազար ֆունտ ստերլինգով: Այն գնել է Ռուսաստանից մի մեծահարուստ, որը ցանկացել է անհայտ մնալ. գնորդն աճուրդին մասնակցել է հեռախոսով:
«Թե նկարի ճակատագիրն ինչ կլինի` հայտնի չէ, հնարավոր է, որ տասնյակ տարիներ այն չտեսնենք: Ես ուզեցի ուղղակի գոնե մի ակնթարթ այդ նկարի հետ անցկացնել, դրա համար էլ գնացի: Ճիշտն ասած` ոչ մի հույս էլ չունեի»,- ասաց Ռ. Սարյանը:
Նա նաեւ ցավով նշեց, որ մենք չենք կարող փոխել մեր դրսի հարուստ հայերի մտածելակերպը, որոնք չեն ցանկանում գումարներ ներդնել մշակույթի մեջ: «Նրանց համար դեռ հասու չէ, որ դա կապիտալի ամենաձեռնտու ներդրումն է, որը բարձրացնում է նաեւ իրենց նկարիչների վարկը, քանի որ աճուրդը շատ կարեւոր է նկարչի վարկանիշի համար միջազգային ասպարեզում` այն միայն նկարի առեւտուր չէ»,- ասաց տիկին Սարյանը:
Նշենք, որ Ռ. Սարյանը մոտ մեկ ամիս առաջ էր իմացել, որ Սարյանի կտավը շուտով աճուրդի է հանվելու: Այդ կապակցությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որ մեծահարուստ հայերից մեկը գնի կտավը եւ այն նվիրաբերի թանգարանին, կամ գոնե պահի իր համար, իրավիճակի մասին տեղյակ էր պահել նաեւ մշակույթի նախարարությանը: