Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 25-ին Կազանում կայանալիք ղարաբաղյան կարգավորման նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով շարունակում է տարածել իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն, թե իբր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է մի լուծում, որով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու: Դա սուտ է:
Հայկական քաղաքական որոշ ուժեր եւ լրատվամիջոցներ, հատկապես նրանք, որոնք հակված են 1997 թվականի՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ջատագովված փուլային կարգավորման տարբերակը համարել ընդունելի լուծում եւ նաեւ կորսված հնարավորություն, մեջբերում են հենց ադրբեջանական աղբյուրներին՝ ցույց տալու համար, թե որքան ապաշնորհ են Հայաստանի գործող իշխանությունները:
Հայաստանի ընդդիմությունը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, անշուշտ, իրավունք ունի քննադատելու իշխանություններին, մերժելի համարել Մադրիդյան փաստաթուղթը կամ նրա նորացված տարբերակները (Սոչիի կամ Սանկտ Պետերբուրգի առաջարկները), քանի որ այդ առաջարկներով հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում հող զիջել Ադրբեջանին, ավելի հստակ՝ առնվազն հինգ շրջան փաստաթղթի ստորագրումից հետո, ապա եւս մեկ շրջան՝ Քարվաճառը՝ տարիներ անց, ապա եւս որոշ տարածքներ նախկին Լաչինի շրջանի հյուսիսային ու հարավային հատվածներից, բացառությամբ՝ Հայաստանը Արցախին կապող ցամաքային միջանցք-սահմանը, որի լայնությունը պետք է դառնա քննարկման նյութ բանակցությունների հետագա փուլերում:
Այսպիսով, ճիշտ են բոլոր նրանք, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, ովքեր հայտարարում են, որ 1997 թվականի առաջարկներով հայկական կողմը զիջում էր միայն հինգ շրջան հաստատապես, Քարվաճառի հարցը մնում էր վիճելի, իսկ Լաչինի ամբողջ շրջանը՝ մոտ 2.000 քառակուսի կիլոմետր, մնում էր Հայաստանն ու Արցախը միմյանց կապող տարածք: Առաջին հայացքից թվում է, թե Տեր-Պետրոսյանի փուլային լուծումը պակաս ցավալի է, քան Մադրիդյան փաստաթուղթն է: Սակայն մոռացության է տրվում, որ 1997 թվականի լուծումը Արցախի կարգավիճակի հարցին ընդհանրապես չէր անդրադառնում: Այսինքն՝ կարգավիճակի հարցը՝ հիմնական վիճելի խնդիրը, թողնվում էր բաց, ապագային, իսկ լուծում էր տրվում պատերազմի միայն հետեւանքներին՝ տարածքներ, փախստականներ, խաղաղապահներ, կոմունիկացիաներ:
Այո, Մադրիդյան փաստաթուղթը տարածքային զիջումների իմաստով ավելի վատն է, քան 1997-ի փուլայինը, սակայն Մադրիդյանի առավելությունը հենց այն է, որ Արցախի կարգավիճակը չի անտեսում, չի թողնում բաց, չի թողնում անորոշ ապագային: Ահա այստեղ է, որ Ադրբեջանը տարածում է սուտ, թե իբր Մադրիդյան փաստաթուղթը չի ոտնահարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խորհրդապահական համարվող եւ ԵԱՀԿ դեպոզիտարիային ի պահ տրված Մադրիդյան փաստաթղթի առաջին կետում ասվում է. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է պլեբեսցիտի ճանապարհով, որը ԼՂ բնակչությանը ազատ եւ անկեղծ կամարտահայտության հնարավորություն կտա:
Ավելին, նույն առաջին կետում հստակ ասվում է, որ պլեբեսցիտի, այսինքն՝ հանրաքվեի ժամանակ տրվող հարցը չպիտի լինի սահմանափակող եւ կարող է թույլ տալ ամեն կարգավիճակ: Նույն առաջին կետում ասվում է, որ հանրաքվեի հիմք պիտի ընդունել ԼՂ-ի՝ 1988 թվականի ազգագրական կազմը: Եթե ադրբեջանական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք (ըստ փաստաթղթի) հանրաքվեի ժամանակ հայերը կարտահայտվեն Ադրբեջանին միանալու օգտին, ապա դա իրենց խնդիրն ու ցանկությունն է:
Բայց նրանք հաստատ այդպես չեն մտածում, այլապես տարիներ շարունակ բանակցությունների սեղանի շուրջ կռիվ չէին տա հենց ընդդեմ հանրաքվեի անցկացման: Մադրիդյան փաստաթուղը, անշուշտ, լավը չէ, բայց ավելի ընդունելի է, քան 1997-ի փուլայինը: Լավն ու վատը համեմատության ու հնարավորությունների մեջ է: Եթե հայ ժողովրդին հաջողվի դե յուրե ամրագրել 12 հազար քառակուսի կիլոմետրանոց այսօրվա դե ֆակտո Արցախը որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս, ապա, անկասկած, ապագա սերունդները զարմանքով ու խիստ քննադատությամբ են վերաբերվելու Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու նրանց վարչակարգերին, որոնք պատրաստակամություն են հայտնել առնվազն վեց շրջան զիջել Ադրբեջանին: Ամբողջ վտանգն ու մարտահրավերն այն է, որ մենք չգիտենք, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ու Արցախի (կամ միասին) քաղաքական քարտեզը տասը, հիսուն կամ հարյուր տարի անց:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ