Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրենց առաջադրած երեք պահանջների կատարումը ՀԱԿ-ականներին այնպիսի էյֆորիայի մեջ է գցել, որ նրանք ոչ միայն ավելի են կոշտացրել իրենց դիրքրոշումը արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, այլև իշխանության հետ կրկին սկսել են խոսել վերջնագրերի լեզվով: Ընդ որում` այնպիսի վերջնագրերի, որոնք ընդամենը ամիսներ առաջ մերժում էր անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Երեկ հրավիրած մամլո ասուլիսում ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է. «Եթե իշխանությունը չարաշահի ՀԱԿ-ին պատասխան տալու ժամկետները, հեղափոխական զարգացումները Հայաստանի համար անխուսափելի կդառնան»:
Մինչդեռ 2009թ. սկսած՝ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն հարմար առիթով հայտարարում է, թե Հայաստանում հեղափոխություն չի կարող իրականացվել: 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում նա բառացիորեն ասում էր. «Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ: …Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները»:
Նույն միտքը նա կրկնեց նաև ՀԱԿ-ի վերջին` այս տարվա մայիսի 31-ի հանրահավաքում ունեցած ելույթում. «Նման գործելակերպն ի բնե հակասում է Հայ ազգային կոնգրեսի դավանանքին, որը կտրականապես մերժում է պայքարի հեղափոխական ճանապարհը»:
Լյուդմիլա Սարգսյանի նման հայտարարությունը կարող է առնվազն երեք բան նշանակել`
1. ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ու դրանց ղեկավարները բանի տեղ չեն դնում իրենց լիդերի «սկզբունքային» մոտեցումները,
2. երեք տարի անընդմեջ հանրահավաքներին մասնակցել են ականջները փակած,
3. պարզապես ՀԱԿ-ում աջ ձեռքն այլևս չգիտի` ինչ է անում ձախը:
Ամենայն հավանականությամբ, գործ ունենք հենց վերջին իրողության հետ, որովհետև սա առաջին անգամ չէ, երբ նույն խնդիրների վերաբերյալ ՀԱԿ-ականները տրամագծորեն հակառակ տեսակետներ են արտահայտում:
Օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Լրագիր» կայքին տված հարցազրույցում արտահերթ ընտրությունների նպատակներին անդրադառնալիս ասում է հետևյալը. «Մենք ռեժիմի կողմից իշխանությունը մեզ հանձնելու հարց չենք դնում, այլ դնում ենք երկրում արտահերթ, ազատ ու արդար ընտրությունների անցկացման հարց, որ Հայաստանում շուտափույթ կերպով կարգավորվի լեգիտիմության ճգնաժամը»:
Զուրաբյանը գուցե տեղյակ չէր, որ դրանից ընդամենը 5 օր առաջ` մայիսի 27-ին հրավիրած ասուլիսում Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արել էր հետևյալ հայտարարությունը. «Լևոն Տեր-Պետրոսյանի մասշտաբի քաղաքական գործիչներ աշխարհում կարելի է հաշվել մատների վրա… Նա դառնալու է Հայաստանի նախագահ` ի գիտություն վարչախմբի»:
Հարց է առաջանում` հիմա ՀԱԿ բանախոսներից որի՞ ասածներն են պաշտոնական, որն է մեղմ ասած` թյուրիմացությունների մեջ գցում հանրությանը: Հարցն այնքան էլ կարևոր չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր արտահերթ ընտրությունների պահանջի տակ հմտորեն ծածկվող ՀԱԿ, իսկ ավելի կոնկրետ` ՀՀՇ թաքնված ամբիցիաներին: Սակայն անհեթեթ հակասությունների շղթան այսքանով չի սահմանափակվում:
Մայիսի 31-ին անդրադառնալով երկխոսության ծավալման շուրջ առկա հուսադրող տրամադրություններին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Չեմ կարող ուրանալ, որ դարձվածաբանության որոշ փոփոխություն իսկապես առկա է: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած բանակցությունից կամ երկխոսությունից առաջ հակամարտող կողմերի հռետորաբանությունն անխուսափելիորեն մեղմանում է»:
Այդպիսով` ՀԱԿ առաջնորդը փորձեց արդարանալ, թե ինչու էր մի քանի օր դրանից առաջ խանդավառված հայտարարում, թե վերջապես մենք «մեր երազած երկրում» ենք ապրում, ուր իշխանության և ընդդիմության միջև տիրում է փոխադարձ ըմբռնում: Սակայն օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսելով իշխանության կողմից արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների ծավալումը բացառելու վերաբերյալ իշխանությունից հնչող հայտարարությունների մասին՝ Լևոն Զուրաբյանը նշել էր` «կողմերը միշտ բանակցություններից առաջ էդպես են վարվում` իրենց կոշտ դիրքորոշումն են հայտնում»:
Արդյունքում այնքան էլ հասկանալի չի դառնում` ի վերջո, ՀԱԿ-ի ներկայիս մարտավարությունը իր հռետորաբանության մեղմացմա՞ն, թե՞ կոշտացման արտահայտություն է: Սա հարկավոր է պարզել սկզբից, որովհետև այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «կառուցողական» շախմատային տախտակի առաջ ոչ թե շախմատիստներ են նստած, այլ գորգ դուրս գալու պատրաստ «հեղափոխական» ըմբշամարտիկներ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ