Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման նախաշեմին Советский спорт-ը զրուցել է լեգենդար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:
- Վերջերս մի ամսագրում Ձեզ ներկայացրին ոչ թե որպես ժողովրդական արտիստ կամ թատրոնի ղեկավար, այլ ֆուտբոլային երկրպագու: Մի՞թե ֆուտբոլն այդքան մեծ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում:
- Ինչպես կասեր ընկերներիցս մեկը` «ես հին զինվոր եմ»: Ֆուտբոլի մասին ես միշտ սիրո խոսքեր կգտնեմ: Այն ինձ հետաքրքրում է որպես տաղանդավոր մարդկանց ինքնաարտահայտման ձև: Բայց, ամեն դեպքում, առաջին հերթին ես դերասան եմ:
- Ո՞ր ակումբի կամ ֆուտբոլիստի խաղն եք իսկապես տաղանդավոր համարում:
- Իհարկե, լավ թիմերը շատ են, խաղացողներ` էլ ավելի: Բարձունքում, կարծում եմ, «Բարսելոնան» է և Մեսսին:
- Ռուսաստանից ո՞ւմ կառանձնացնեք:
- Առաջ երկրպագում էի «Արարատին» և «Սպարտակին»: Հիմա պարզապես գեղեցիկ խաղ եմ սիրում: Հավաքականից ինձ դուր է գալիս Արշավինը: Լավ տղա է, բայց տեսեք, թե ինչպես է տանջվում Անգլիայում: Հոգեբանության մեջ անհամապատասխանության հասկացությունը կա. Արշավինը Անգլիայի առաջնության պահանջների և մակարդակի խաղացող չէ: Ընդհանրապես, Ռուսաստանին ես չէի համարի ֆուտբոլային երկիր: Մենք երբեք չենք խաղա ինչպես Բրազիլիան կամ Իսպանիան: Դա գենետիկ խնդիր է: Մեզ մոտ ավելի լավ ստացվում է հոկեյը, այ դա մեր սպորտաձևն է:
- Հարցազրույցներից մեկում Դուք համաձայնեցիք, որ Ռուսաստանում հակակովկասյան տրամադրություններ կան: Պե՞տք է զգուշանալ դրանից Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:
- Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, կարծես ես ոստիկանության գնդապետ եմ: Ես դերասան եմ, սիրում եմ ռուսներին, հայերին, հրեաներին... բոլորին: Ես շատ եմ ուզում, որ ֆուտբոլը տոնի վերածվի: Նախնադարյան մարդիկ ինձ հետաքրքիր չեն: Այսպիսի մի անեկդոտ կա. տղամարդուն հարցնում են. «Կարո՞ղ եք սիրով զբաղվել Կարմիր հրապարակում», նա պատասխանում է` «Այո, բայց բոլորը կզզվեցնեն իրենց խորհուրդներով»: Նույնն էլ ես` չեմ ուզում խորհուրդներ և գնահատականներ տալ: Թող այդ մասին իրավապահ մարմինները մտածեն:
- Նշեցիք, որ Ռուսաստանը ֆուտբոլային երկիր չէ, Հայաստանի մասին ի՞նչ կասեք:
- Հայաստանն էլ Ռուսաստանի պես ավելի շատ թատրոնի երկիր է: Սպորտային տեսանկյունից Հայաստանը նույնպես հավակնում է դուրս գալ խմբից: Բայց շատ ավելի սկզբունքային հանդիպումներ կան: Օրինակ` մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ խաղը: Դա պատերազմ էր, որը խորը արմատներ ուներ: Իսկ Ռուսաստան-Հայաստան խաղն ընկերների հանդիպում է:
- Վաղվա խաղում թիմերից որևէ մեկին կարո՞ղ եք նախապատվությունը տալ:
- Եթե ես Խոտաբիչի մորուքից ունենայի, մի երկու մազ կպոկեի` ոչ ոքիի խնդրանքով: Ուզում եմ, որ հաղթի ընկերությունը: Ես հենց դրան եմ երկրպագելու:
- Մարզադաշտո՞ւմ:
- Ծեր զինվորս` մարզադաշտո՞ւմ, այն էլ արձակուրդի նախաշեմի՞ն: Կնստեմ հեռուստացույցի առջև` տնային կոշիկներով: Գուցե նոստալգիական ապրումներ կունենամ և կհուզվեմ:
Armsport.am