կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-01 02:03
Առանց Կատեգորիա

Բաքուն պատերազմ սկսել չի կարող

Բաքուն պատերազմ սկսել չի կարող

Կա մի նրբություն, որը Բաքուն անտեսել չի կարող. պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ որեւէ մեկին, եւ գլոբալ խաղացողներն ակնարկում են Ադրբեջանին, որ չեն հանդուրժելու նոր պատերազմ:

Այս տեսանկյունից հունիսին Կազանում կայանալիք` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է դրական լինել մեզ համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` նշելով, որ այդ հանդիպման արդյունքում հավանաբար մի հայտարարություն կարվի, որով կֆիքսվի պատերազմի անթույլատրելիությունը:

Սակայն հոգեբանը հավելեց, որ չպետք է մոռանալ, որ գործ ունենք թուրքի հետ: «Պատմական փորձն էլ է հուշում, որ իրենք միջազգային պայմանավորվածություններին շատ մեծ տեղ չեն տալիս: Եվ միայն ուժի ակնկալիքն է, որ ի զորու է նրանց հետ պահել նոր արկածախնդրությունից»,- ասաց Դ. Ջամալյանը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային իրադրությունը նպաստավոր չէ նոր պատերազմի համար, նաեւ հասկանում է, որ հայկական կողմն այնքան թույլ չէ, որ կայծակնային ու արագ պատերազմով կարողանան հարց լուծել. «Այսպիսով, կարծում եմ, որ Կազանի հանդիպումը հերթական անգամ մի քիչ ավելի հետ կմղի պատերազմի վերսկսման հավանականությունը»:

Հարցին, թե արդյո՞ք ուժի կիրառում չէ հրադադարի պարբերաբար խախտումները, Դ. Ջամալյանը պատասխանեց, որ դրանք ուժի կիրառման դրսեւորումներ են. «Նրանք առաջին գծում մի սահմանագիծ են ընտրել իրենց համար եւ մինչեւ այդ սահմանագիծը ապակայունացնում են իրադրությունը, ինչ-որ մակարդակի վրա իրավիճակը լարված են պահում, բայց դրանից ավելի չեն գնում»:

Փորձագետի խոսքերով` այդպիսով փորձում են կարծիք ստեղծել, թե վիճակը պայթյունավտանգ է, եւ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել. սա մեզ վրա ճնշում գործադրելու հոգեբանական քարոզչական հնարք է: