կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 16:18
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմ կարող էր չլինել, պատերազմում մենք կարող էինք հաղթել․ Վազգեն Մանուկյանը հանդիպեց երիտասարդության հետ

Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում և դա ամենաուժեղը խփում է երիտասարդությանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը երիտասարդների հետ հանդիպմանը։  

«Նեոլիբերալիզմի համար ազգայինն ու ազատությունը հակասական գաղափարներ են՝ ազատությունը սկսում է հակադրվել ազգայինին․ արդյունքում ազգային պետական ինստիտուտները, բանկը փլուզվեց և ունեցանք ամոթալի պարտություն։ Համաձայն չեմ, որ պատերազմում պարտություն, միևնույն է, լինելու էր․ պատերազմ կարար չլինել, պատերազմում մենք կարող էինք հաղթել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա վստահ է, որ այս վիճակից դուրս գալ նախկին իշխանություններով հնարավոր չէ․ երկիրը չի կարող գնալ առաջ, քանի դեռ այդ մարդիկ իշխանության են և դրա համար է Հայրենիքի փրկության շարժումը դրել իշխանափոխության պահանջը։

Վազգեն Մանուկյանը վստահեցնում է՝ հնի վերադարձ երբեք չի լինելու այն իմաստով, որ նոր փուլում պետք է հենված լինենք անկախության համար անհրաժեշտ երեք սյուների վրա, որոնք ինքը կազմել է դեռևս Ղարաբաղ կոմիտեի ղեկավարներից մեկը եղած ժամանակ։

3 սյուներից մեկը ազգայինն է, մյուսը՝ ազատության գաղափարը, երրորդը՝ համաշխարհային կառույցներին ներգրավվելը առանց հայկական ինքնությունը կորցնելու։

Այս սկզբունքներից ինչին հասանք և ինչին՝ ոչ, վերլուծեց Վազգեն Մանուկյանը։

Ազատության գաղափարը շատ մեծ մղիչ ուժ էր երիտասարդության համար, որովհետև խորհրդային տարիներին ապրում էին տոտալիտար պետության մեջ, որը նաև բարեկեցիկ կյանք էր ապահովում, իսկ մարդիկ ինչքան բարեկեցիկ են, այնքան ձգտում են ազատության ու անկախության, ինչքան վատ են ապրում՝ այնքան ձգտում են բռունցքի։

Վազգեն Մանուկյանը համարում է, որ, Խորհրդային Միության հետ համեմատած, անկասկած մենք հասան ժողովրդավարության՝ ազատ մտածողության և ընտրությունների միջոցով ձևավորում ենք իշխանություն։ Բայց նա նաև արձանագրում է, որ շատ արագ ընտրությունների մեխանիզմը փչացավ և դարձավ իշխանությունների վերարտադրման մեխանիզմ։

«Ազատ ընտրություններին մոտիկ էր Նիկոլ Փաշինյանի ընտրությունները, որովհետև հասկանալի էր, որ, միևնույն է, ժողովուրդը ընտրելու է իրեն։ Հիմա պատկերացրեք՝  երկիր կորցնելուց հետո, խայտառակ պարտությունից հետո, բազմաթիվ զոհեր տալուց հետո էլ Փաշինյանը էլի կառչած է աթոռին․ դուք ի՞նչ եք կարծում, եթե հիմա ընտրություններ լինեն, ի՞նչ կկատարվի, եթե մարդիկ գնան՝ մի հատ թուղթ գցեն տուփի մեջ, ինքը կհաշվի կասի՝ ես գնո՞ւմ եմ։ Չի լինի տենց բան»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա վստահ է, որ անցյալ անգամ ընտրությունները քիչ թե շատ ազատ էին, որովհետև ելքը կանխատեսելի էր և դրանից չի բխում, որ այս անգամ էլ ազատ կլինեն։ Համոզված է, որ այս իշխանության օրոք կլինեն ամենասարսափելի ընտրությունները, որ մենք տեսել ենք։

Ազատության երկրորդ բաղադրիչը Վազգեն Մանուկյանը համարում է խոսքի ազատությունը։

Նա համարում է, որ տարեցտարի զարգացել էր խոսքի ազատությունը, չնայած վերջին տարիներին մատ են թափ տալիս լրատվամիջոցների վրա, բայց չի կարող ասել, որ խոսքի ազատության բաղադրիչը Հայաստանում չի աշխատում, աշխատում է։

Ազատության երրորդը բաղադրիչը ազատ տնտեսությունն է։

«Ազատ տնտեսությունը զարգացավ, բայց քանի որ նպատակ կար ընտրությունների միջոցով վերարտադրել իշխանությունը, իշխանությունները այս կամ այն չափով միջամտում էին բիզնեսին, որպեսզի ապահովեն վերընտրությունը։ Դրա համար շատ մարդիկ, որոնք կարող էին ձեռներեց լինել, չկարողացան»,-ասաց նա։

Ազատության չորրորդ կարևոր բաղադրիչը Վազգեն Մանուկյանը համարում է օրենքներն ու դատական համակարգը։

«Մեր օրենքները շատ լավն են։ Ես չեմ ասում վերջին օրենքները, որ ընդունվեցին։ Դատական համակարգը լավը չէր, բայց տարեցտարի զարգանում էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգը սկսեց ջարդվել, որ ամբողջությամբ ծառայի միայն իրեն»,-արձանագրեց Վազգեն Մանուկյանը։ 

Ազգային հիմնասյուն ասելով՝ Վազգեն Մանուկյանը շատ տարբեր բաներ է հասկանում․ մի բաղադրիչը պահպանողականությունն է՝ ազգային արժեքների պահպանումը, մշակույթը, մտածելակերպը և այլն։ Դա, ըստ նրա, բավականին կա մեր ժողովրդի մեջ և պետք չէ սպասել, որ ամբողջ ժողովուրդը նույն ձևի պետք է մտածի։  

«Այսուհանդերձ, մոդեռնիզացված ազգային մտածողությունը մեզ մոտ բավականին պակասում է․ դա էլիտային պետք է բնորոշ լինի, որ ինքը հասկանա՝ պահպանելով բոլոր ավանդույթները, միևնույն ժամանակ ազգայինի մեջ տեսնում է մրցունակություն մյուս ազգերի հետ։ Դա մեզ մոտ պակասում է։ Ազգայինն իհարկե այն է, որ մեր երիտասարդները պատերազմի ժամանակ գնում և պաշտպանում են հայրենիքը։ Նույնիսկ այս վերջին պատերազմին հերթ էին կանգնում»,-ասաց նա։

Վարչապետի միասնական թեկնածուի համոզմամբ՝ հիմա կան ազմաթիվ երիտասարդ կադրեր, որոնք այս ամեն ինչը խորությամբ հասկանում են և ինքը մտադիր է աշխատել նրանց հետ։

Ներկա վիճակը, Մանուկյանի համոզմամբ, շատ ավելի սարսափելի է, քան թվում է։

«Մենք ոչ միայն ունենք տարածքային կորուստներ և մարդկային կորուստներ, այլ մենք կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, արժանապատվության զգացումն է վիրավորված, հարգանքը մյուս ժողովուրդների կողմից և հարց է առաջանում՝ մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել և այդ ամեն ինչը մաքրել, սկսել կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Ես համոզված եմ՝ այո՛»,-վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․