Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնաճի զսպման ուղղությամբ կառավարության, այսպես կոչված, ջանքերը հասարակ քաղաքացիներիս համար դեռեւս տեսանելի արդյունքներ չեն տվել: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները շարունակում են աճել, իսկ որոշ դեպքերում էլ, եթե չեն աճում, ապա, բնականաբար, չեն էլ նվազում: Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը ոչ միայն չի պայքարում գնաճի դեմ, այլեւ իրականացնում է քայլեր, որոնք անմիջականորեն նպաստում են գնաճային միջավայրի ամրապնդմանը:
Գնաճային հնարավոր սցենարների շուրջ «Երկիր»-ի զրուցակիցներն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:
- Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա գնաճային միջավայրը. տարեսկզբին խոսվում էր գնաճի աստիճանական նվազման մասին, սակայն նման միտումներ չենք տեսնում: Ըստ ձեզ, ինչպե՞ս է կառավարությունը արձագանքում գնաճին, եւ դեռեւս քանի՞ ամիս կպահպանվի գնաճային միջավայրը:
Գագիկ Մինասյան.- Ես համամիտ չեմ ձեզ հետ, որ գնաճային միջավայրում փոփոխություններ չկան: Եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ վերջին ամսվա ընթացքում գնաճը ոչ թե ավելացել է, այլ նվազել եւ դա, կարծում եմ, շատ լավ ազդակ է, մասնավորապես ձեզ նման մտածողների համար: Մենք ապրիլ ամսվա ընթացքում ունեցանք 0,5 տոկոս գնանկում, եւ հիմա ունենք 8,9 տոկոս գնաճ` 12 ամսվա համար, այն պարագայում, երբ մենք ունեցել ենք 11 եւ ավելի բարձր տոկոս գնաճ: Տարվա երկրորդ կեսից սկսած, երբ գյուղատնտեսական նոր արտադրանքը դուրս կգա շուկա, գնանկումն ավելի մեծ չափերի կհասնի, եւ տարվա վերջին մենք կմոտենանք պետական բյուջեով նախատեսված գնաճի համար ամենաբարձր ցուցանիշին, ինչը 5,5 տոկոսն է: Ինչ վերաբերում է գնաճին, ապա դա ունի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին գործոններ: Արտաքինի վրա կառավարության ազդեցությունը նվազագույն կարող է լինել, իսկ ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա դա, մի կողմից հավասար մրցակցային դաշտի ապահովումն է` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերը, որպեսզի գերիշխող դիրքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները չչարաշահեն իրենց դիրքերը, մյուս կողմիցՙ գյուղատնտեսական բնագավառում իրականացվող լայնածավալ քայլերը: Վերջերս մենք մի շարք օրենքներ եւ որոշումներ ընդունեցինք, որոնք նպաստելու են գյուղատնտեսության` առավել արտոնյալ պայմաններով զարգանալուն, ինչը, իր հերթին, կբերի այդ ոլորտում տնտեսական աշխուժության եւ, որպես հետեւանք, նաեւ գների նվազման:
Արա Նռանյան.- Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու կառավարությունը գնաճածին են եւ ճգնաժամածին, այսինքն` ապրում ենք մի համակարգի պայմաններում, որտեղ գները միշտ աճելու են: Պարենային ճգնաժամը միայն Հայաստանին բնորոշ երեւույթ չէ, եւ դա պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ գյուղատնտեսության ոլորտում երկար տարիներ չկան լուրջ հեղափոխություններ կամ գիտական նորույթներ, որոնք ավելի կբարձրացնեին արտադրողականությունը: Դրան զուգահեռՙ ամբողջ աշխարհում մենք ունենք ազգաբնակչության կտրուկ աճ, սպառման ծավալների ավելացում, իսկ որոշ ցնցումներ, որոնք տեղի են ունենում մեծ թվով բնակչություն ունեցող երկրներում, բերում են նաեւ պարենի թանկացմանը: Նույն խնդիրն ունենք նաեւ Հայաստանում: Այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ռիսկային. եթե տասը տարի առաջ բոլորը ձգտում էին հող գնել եւ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում, ապա այսօր խուսափում են: Գյուղատնտեսությունը պահանջում է ծախս, որից հետո կարող ենք ակնկալել բերք: Ընդ որում` գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից է, որն ինքնուրույն չի կարող ոտքի կանգնել: Նույնիսկ զարգացած ու հարուստ պետություններն ունեն սուբսիդավորման բավական լուրջ համակարգ, իսկ առանց պետական աջակցության մենք լուրջ արդյունքներ չենք ունենա: Հետեւաբար, եթե ուզում ենք պայքարել պարենամթերքի գնաճի դեմ, նախեւառաջ պետք է խթանենք սեփական արտադրությունը, օգտագործենք սեփական ռեսուրսները: Մենք այսօր միայն մեկ երրորդն ենք արտադրում, մնացածը ներկրում ենք, մինչդեռ ունենք համապատասխան ռեսուրսներ այդ ծավալներն ավելացնելու համար: Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք ռազմավարական նշանակության պահուստներին, որպեսզի հնարավոր գնաճի ժամանակ պետությունը համապատասխան ինտերվենցիաներով փորձի մեղմել կտրուկ գնաճը եւ դրա բացասական ազդեցությունները: Օբյեկտիվ գնաճը պայմանավորված է արտաքին շուկաներով, որի վրա մենք ազդել չենք կարող, եւ պետք է պատրաստ լինենք դրան հակազդել` մեր քաղաքացիների եկամտի ավելացմամբ: Մեր քաղաքացիները պետք է ունենան աշխատանք, պետք է ունենան արժանապատիվ վարձատրություն, եւ մեր պետությունը պետք է վարի քաղաքացիների եկամտի բարձրացման քաղաքականություն, որպեսզի գնաճի պայմաններում քաղաքացիներն իրենց եկամտի բարձրացմամբ կարողանան կոմպենսացնել պարենամթերքի գները: Սակայն, բացի օբյեկտիվ պատճառներից, Հայաստանում գնաճը պայմանավորված է նաեւ սուբյեկտիվ պատճառներով` տնտեսության օլիգարխիկ կառուցվածք, մենաշնորհներ, չարաշահումներ, որոնց դեմ պետությունն ունի լծակներ եւ պարտավոր է պայքարել:
- Սովորաբար, երբ միջազգային շուկայում որեւէ ապրանքի գին բարձրանում է, Հայաստանում կայծակնային արագությամբ են արձագանքում այդ հանգամանքին, սակայն, երբ նույն միջազգային շուկայում տվյալ ապրանքի գինը նվազում է, մեզ մոտ դա անարձագանք է մնում:
Գ. Մ.- Մեզ մոտ գերիշխող դիրքն արգելված չէ, արգելված է այդ գերիշխող դիրքի չարաշահումը եւ այն, ինչի մասին դուք խոսում եք, հենց գերիշխող դիրքի չարաշահումից է բխում: ՏՄՊՊՀ-ն ունի հնարավորություն եւ պարտականություն` կիրառելու համապատասխան լծակներ: Մասնավորապես, կարող է ողջ շահույթը, որը տնտեսվարողն ստացել է անբարեխիղճ մրցակցության արդյունքում, գանձել` հօգուտ պետական բյուջեի:
Ա. Ն.- Դուք իրավացի եք, դրա համար ես առաջարկեցի գնաճի բաղադրիչը բաժանել երկու մասի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Անշուշտ, մենք ունենք օլիգոպոլ տնտեսություն, ունենք լուրջ մենաշնորհներ, հատկապես ներկրման ոլորտում, եւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ պետությունը փորձում է գնալ պատժական ճանապարհով, դա այնքան էլ արդյունք չի տալիս, որովհետեւ ցանկացած գործարան շատ ավելի ճարպիկ է, շատ ավելի հմուտ է իր չարաշահումները կոծկելու գործում, քան պետությունը հասցնում է դա բացահայտել: Հետեւաբար, ամենալավ ձեւը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է: Այսինքնՙ ի սկզբանե մենք պետք է ապահովենք այնպիսի մրցակցություն, որը կբացառի մենաշնորհների գոյությունը, այնինչ մեր օրենսդրությունն այլ փիլիսոփայություն ունի. ասում է` թող լինեն այդ գերիշխող դիրք ունեցողները, թող լինեն այդ մենաշնորհները, եւ պետությունը նրանց կպատժի չարաշահման դեպքում: Բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ հետքերով գնալը շատ ավելի ծանր է, եւ նույնիսկ պատժելու դեպքում, ի վերջո, սպառողը չի շահում: Վերջին օրենսդրական փոփոխություններով պատիժները խստացվել են եւ, օրինակ, գների չհիմնավորված բարձրացման դեպքում գերշահույթն ամբողջությամբ գնալու է բյուջե, իսկ տուգանքը կազմելու է 5-200 մլն դրամ: Սա բավական լուրջ պատիժ է, եւ մենք կարծում ենք, որ կանխարգելիչ դեր կխաղա: Բայց խնդիրը, թե ինչ է դրա արդյունքում ստանալու խաբված սպառողը, մնում է բաց:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ