Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Առավոտի» մայիսի 20-ի համարում «Անջուր, անասֆալտ, անհույս» լուսանկարային ռեպորտաժով ներկայացրել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի փողոցների վիճակը. մեկ տարուց ավելի է, ինչ Սիսիանի փողոցները քարուքանդ են, «Հայջրմուղկոյուղին» նախորդ տարվա գարնանից մինչ այսօր քաղաքի ջրամատակարարման ցանցը փոխելու համար շարունակում է փողոցները քանդել: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2010-ի դեկտեմբերին, սակայն դեռ չեն վերջացել: Հրապարակմանն արձագանքել է «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղը:
Մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանն ասում է, որ «տպագրված լուսանկարներն արվել են ավելի վաղ, եւ այսօրվա վիճակը խիստ տարբերվում է լուսանկարներից»:
Այսօրվա խիստ տարբեր վիճակի մասին որեւէ ապացույց չներկայացնելով` Մհեր Եղիազարյանը նկատում է. «Այն, որ Սիսիանում խիստ անհրաժեշտություն էր խմելու ջրի ջրագծերի փոփոխությունը` հայտնի է բոլորին, քանի որ վերջին անգամ այդ ջրագծերի վրա կատարված աշխատանքներից անցել է շուրջ 30 եւ ավելի տարիներ: Նախ, ինչ վերաբերում է ծրագրի ավարտման ժամկետների փոփոխությանը, ապա տեղեկացնում ենք, որ կապված եղանակային պայմաններից, ինչպես նաեւ աշխատանքների ընթացքում, նախագծից դուրս, ներքին ցանցին փաստացի ավելացել է եւս 5 կմ ջրագիծ, որի պատճառով ծրագրերը դեկտեմբերին չեն փակվել, համատեղ որոշմամբ այն շարունակվելու է մինչեւ հունիսի 1-ը:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղը` Սիսիանի քաղաքապետի հետ համաձայնությամբ, իր կողմից ջրագծի փոփոխված հատվածների ասֆալտապատման փոխարեն ամբողջությամբ ասֆալտապատել է Սպանդարյան փողոցը, որը ընդգրկում է շուրջ 4500 քմ, ընդ որում` ծրագրի սկզբում նախատեսված է եղել ասֆալտապատել ընդամենը 400 քմ: Ոռոգման ջրի հետ կապված որեւէ խնդիր չկա, ընդհակառակը, այն այժմ սպասարկվելու է ավելի բարեկիրթ ճանապարհով /նախկինում ոռոգման նպատակով ջուրը տեղափոխվում էր բաց եղանակով, այժմ այն արվելու է խողովակների միջոցով/, օգտագործվելու է խմելու ջուրը, գումարը գանձվելու է ոռոգման ջրի սակագնով /1 խմ-ն` 11 դրամ/, ջուրը չափվելու է ջրաչափով: Ինչ վերաբերում է հուշաղբյուրների մասին հիշատակվածին, արդեն իսկ կա համաձայնություն, որ ծրագրի ավարտից հետո այն շարունակվելու է գործել, օգտագործված ջրի դիմաց կվճարվի քաղաքապետարանի կողմից»:
Ապառնի ժամանակով ներկայացված պարզաբանումը նշանակում է, որ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղում ընդունում են` այսօր մեր բարձրացրած խնդիրները կան: «Առավոտը» խոստանում է ընկերության ներկայացրած նոր ժամկետի ավարտին նույն խնդրի վերաբերյալ եւս մեկ լուսանկարային ռեպորտաժ հրապարակել: