կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 23:43
Առանց Կատեգորիա

Համաներենք, որ համաներվենք

Համաներենք, որ համաներվենք

Սերժ Սարգսյանն աշխարհի ամենալավատես մարդն է: Չլիներ նրա լավատեսությունը, Հայաստանը հիմա Եգիպտոսից ու Լիբիայից առաջ էր անցել: Նկատենք` ո'չ Եգիպտոսում եւ ո'չ էլ Լիբիայում այդ երկրների քաղաքացիներն այն աստիճան աղքատ ու թշվառ չէին, որքան Հայաստանի քաղաքացիները, այդ երկրների ընդդիմությունն այն աստիճան անկազմակերպ ու անպատասխանատու չէր, քան Հայաստանի` սխալմամբ արմատական համարվող ծայրահեղականները, եւ վերջապես` այդ երկրները Ղարաբաղի հարց ու թուրքական արձանագրություններ չունեին: Բուրգեր էին ցույց տալիս տուրիստներին, նավթ էին ծախում իրենց համար, ու մեկ էլ` տեսա՞ք ինչ եղավ:

 

Իսկ Հայաստանում ինչո՞ւ այդպիսի բաներ չեղան, թեեւ Հայաստանը ո՛չ բուրգեր ուներ, ո՛չ նավթ, ու մի բան էլ ղարաբաղյան ու թուրքական թնջուկներն էին պոչից կախված: Մեզ փրկեց Սերժ Սարգսյանի լավատեսությունը: Նա այդ որակներով վաղուց իրենից հետ է թողել երկրի վարչապետին, ում օդային դղյակները հեչ բան են ամեն ինչ ու ամենքին համաներող Սերժ Սարգսյանի գործերի համեմատ:

 

Что ни день, то праздник. Կարելի էր, թերեւս, այսպես բնութագրել գործող նախագահի պաշտոնավարման երեք տարիները, եթե դրսերից չհարամեին դրանք` իրենց անկապ ու երկիմաստ միջամտություններով, զանազան օրիենտացիաների պատկանող եվրոպաշտոնյաների զեկույցներով, բարոյական ու ֆինանսական պատժամիջոցներով: Ինչե՞ր չտեսանք այս երեք տարիներին: Բայց դրանց մասին չէ, որ ցանկանում ենք խոսել այսօր: Համաներում, կամ, ինչպես ՀՀԿ-ն է պնդում եւ մյուսներն էլ գլխով են անում` աննախադեպ համաներում: 2000 մարդ է ազատվելու կալանավայրերից: Լավ է, իհարկե:

 

Հանրապետության անկախության 20-ամյակն էլ հո այնպիսի տոն է, որի առիթով ընդհանրապես կարելի է միմյանց ներել ու սրտագին ողջագուրվել: Սակայն այս ընդհանուր իրարանցումի մեջ տեղի են ունենում բաներ, որոնք, մեղմ ասած, շատ էլ չեն առնչվում տոնի իմաստին ու այդ տոնին նվիրված համաներումի էությանը: Դարձյալ մեջտեղում նախագահ Սարգսյանի անսահման լավատեսությունն է, որից օգտվում են ոչ միայն անազատության մեջ հայտնված խեղճուկրակները, այլեւ նրանք, ովքեր դեռ կարիք ունեն լրացուցիչ համաներման, թեեւ բանտերում չեն այսօր:

 

Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցին տված իր վերջին հարցազրույցում մի հետաքրքիր միտք արտահայտեց այն մասին, որ ՀՀ նախկին նախագահների քննադատությունն իր ամպլուան չէ, եւ, որ նման բան անել` կնշանակեր պատասխանատվության բեռը սեփական ուսերից գցել: Մարդկային, պարզ, անպաճույճ լավատեսության դասական օրինակ:

 

Սակայն, ինչպես տեսնում ենք, նախկին նախագահներն առայժմ լռություն են պահպանում` թե՛ այդ հարցազրույցի եւ թե՛ առաջիկա խոշոր իրադարձության մասին: Գուցե շփոթվե՞լ են, գուցե անսպասելի՞ էր իրենց համար: Առնվազն Լեւոն Տեր-Պետրոսյանի համար` դժվար թե, որովհետեւ հիշյալ հարցազրույցից դեռ շատ առաջ սկսվեցին շախմատի, սկսված երկխոսության, կիսաբաց դռան մասին խոսակցությունները: Ուրեմն ո՞րն է պատճառը, որ առաջին նախագահը չի կարողանում զսպել ՀԱԿ համակարգողների եւ բազմատեսակ խոսնակների անկապ հայտարարություններն այն մասին, թե նախագահ Սարգսյանի ձեռնարկած համաներումը միջազգային կառույցների եւ, իհարկե, Կոնգրեսի ճնշման արդյունք է:

 

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի թողած ժառանգությունը նույնպես իր ուսերին է առնում գործող նախագահը, որի վարչակարգի մասին ՀՀԿ խոսնակ Շարմազանովը շտապում է հայտարարել, թե մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության գործում, չի լռեցնում իր մի շարք կողմնակիցների` անկախության 20-ամյակի փայլը խամրեցնող մտասեւեռումներն այն մասին, որ այս համաներումը զուտ քաղաքական ենթատեքստ ունի:

 

Մենք` անձամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը հասկանում ենք: Չստանալով իր կառավարման շրջանի քաղաքական գնահատականը` նա այսօր շանս է ստացել ընդհանրապես մնալ անքննելի, եւ դժվար թե այս վիճակում հայտնված մեկը ցանկություն հայտներ անցյալի ինչ-որ բաներ փորփրելու: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ուր մնաց ՀԱԿ-ի կուռ շարքերի մասին առասպելը, համաձայն որի` կա միայն Լեւոն Տեր-Պետրոսյան, եւ կա միայն նրա առաջնորդած ճշմարիտ շարժումը, որը հաղթել էր, հաղթում է եւ հաղթելու է:

 

ՀԱԿ առաջնորդը, ստանալով իր հասանելիքը ու մի թեթեւ էլ ռեաբիլիտացվելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու փաստով, շտապում է ընդգրկվել նորմալ քաղաքական գործընթացներում եւ վայելել առաջին նախագահի իր երազած հանգստավետ դափնեգահը, որն անցնցում կմնա առնվազն մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը: Այսքանից հետո էլ ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին են խոսում ՀԱԿ-ի` միջինից մի փոքր բարձր էշելոնները, այդ ի՞նչ իշխանափոխության մասին են երազում, եթե առնվազն Կոնգրեսի ղեկավարի համար օրվա իշխանությունների դեմ պայքարն այսքանով ավարտվում է:

 

Դժվար է պատկերացնելն անգամ, որ ՀԱԿ ակտիվիստներն այն աստիճան ընդդիմադիր կգտնվեն, որ իրենց շարքերից կհեռացնեն Լեւոն Տեր-Պետրոսյան բրենդը: Առանց նրա չկա ՀԱԿ, չկա գրեթե 18 կուսակցությունների համախմբում, չկա ֆորում, որի որոշումներն, իբր, իրենք պատրաստվում են կատարել: Հիմա նրանք մի տեսակ նման են այն գնացքի ուղեւորներին, որը գնում էր Լենինգրադ, բայց հասավ Պետերբուրգ:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ