կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 01:11
Հասարակություն

Աշխարհի վերջին դեռ ժամանակ կա

Աշխարհի վերջին դեռ ժամանակ կա

Վերջին տասնմեկ տարիների ընթացքում աշխարհը պետք է յոթ անգամ կործանված լիներ. այդպես էին ասում գուշակները: Բայց դեռ կանք, ապրում ենք, Երկիրն էլ դեռ պտտվում է իր առանցքի շուրջ:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գիտականորեն բացատրեց, որ աշխարհի վերջին դեռ միլիոնավոր տարիներ կան:

Հաշվարկվել է, որ Երկրի եւ այլ տիեզերական մարմինների հետ խոշոր բախումներ կարող են լինել մի քանի միլիոն տարին մեկ անգամ: Իսկ փոքր բախումներ, իհարկե, լինում են, սակայն դրանք կործանարար չեն:

Չեն նախատեսվում նաեւ տիեզերական աղետներ` բեւեռների փոփոխության, Երկրի` իր ուղեծրից շեղվելու եւ այլնի հետ կապված: Ինչպես նշեց Ա. Միքայելյանը, հաշվարկվել է, որ Արեւն առաջիկա հինգ միլիոն տարիներին շարունակելու է ճառագայթել այնպես, ինչպես ներկայումս, իսկ Երկրի գոյությունն էլ ուղղակիորեն կապված է Արեւի հետ:

Աստղագետը տարբերակեց մեկ այլ հասկացություն` մարդկության վերջը, ինչը կախված չէ միայն տիեզերական աղետներից: Մարդկության բնաջնջման «աղբյուրները» տարաբնույթ կարող են լինել: Նորություն չէ, որ միջուկային զենքով հնարավոր է դա անել: Բնապահպանական աղետներն էլ կարող են նպաստել դրան. օրինակ` մթնոլորտի քիմիական բաղադրության չնչին փոփոխությունը ավելի մեծ վնաս կարող է հասցնել մարդկությանը, քան կենդանական ու բուսական աշխարհին:

Ա. Միքայելյանը նշեց, որ մարդկության վերջին տանող ճանապարհ է նաեւ տեխնոլոգիաների զարգացումը, ինչը մեր կողմից հիմնավորապես դրականորեն է ընկալվում: Այնինչ` ավտովթարներից այսօր միլիոնավոր մարդիկ են զոհվում. հազիվ թե այսքան մարդ էր զոհվում, երբ փոխադրամիջոցը ձին էր:

Ներկայումս մարդկանց մեծագույն երազանքներից մեկը արհեստական ինտելեկտ ստեղծելն է, այսինքն` երբ ռոբոտը ոչ թե ենթարկվում է մարդու հրահանգներին, այլ սկսում է մտածել: Եվ եթե այս երազանքն իրականանա, ապա մարդն «անդունդը կգլորվի»:

Ինչ վերաբերում է աշխարհի վերջի մասին կանխագուշակումներին, աստղագետը նշեց, որ դրանք ընդամենը շահարկումներ են եւ երբեմն ծառայեցվում են «փող աշխատելուն»:

Օրինակ` նման դեպք եղել է տարիներ առաջ` կապված օզոնի շերտում անցք բացվելու հետ: Հայտարարվում էր, թե հին արտադրության սառնարանների օգտագործումից արտանետվում են նյութեր, որոնք ոչնչացնում են օզոնի շերտը: Դա համապատասխանում է իրականությանը, սակայն խիստ չափազանցված է: Հետագայում պարզվեց, որ «աղմուկի» հետեւում կանգնած էր սառնարաններ արտադրող «Դյուպոն» ընկերությունը: