կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 00:06
Իրավական

Բժշկուհիները մեղավոր ճանաչվեցին

Բժշկուհիները մեղավոր ճանաչվեցին

Կաշառք վերցնելու մեղադրանքով 3 ամիս առաջ ձերբակալվել էին Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանը և Սպիտակի պոլիկլինիկայի նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանը:

Նրանց գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է  կայացրել. դատավոր Մարինե Մելքոնյանը երկու ամբաստանյալին էլ մեղավոր է ճանաչել իրենց վերագրվող արարքներում` ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով` առևտրական կաշառք:

Բժշկուհիները մեղադրվում էին Արմենուհի Ասոյանից 55 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեջ: Ֆ. Մոսոյանն ընդունել էր մեղքը, իսկ Գ. Գասպարյանը մինչև վերջ իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանը Ֆիլոմենա Մոսոյանին դատապարտել է 1, Գայանե Գասպարյանին` 1.5 տարի ազատազրկման:

Ըստ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների` նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել. նրանց ազատ են արձակել դատարանի դահլիճից` սահմանելով փորձաշրջան: Բժշկուհիների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը ևս չեղյալ է համարվել. նրանք շարունակելու են աշխատել:

Գայանե Գասպարյանի երկու փաստաբաններն էլ դժգոհ են դատավճռից, ասում են` պետք է բողոքարկեն, քանի որ ընդհանուր դատավարական գործողությունների ընթացքում խախտումներ են տեղի ունեցել և օրենքի խախտումներով ձեռք բերված ապացույցները դրվել են մեղադրանքի հիմքում: