Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն փոխզիջումների հիման վրա, սակայն կա մի կարմիր գիծ` ԼՂ ժողովուրդը ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը, հնարավորություն ունենա անվտանգ զարգանալու իր պատմական հայրենիքում. «Մոսկովսիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկել է մի փաստաթուղթ, որը պայմանականորեն կոչվում է Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է հիմնախնդրի լուծում` հիմնված երեք սկզբունքի` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Ըստ նախագահի` այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները եւ ձեռնամուխ լինելու մեծ խաղաղ պայմանագրի մշակմանը:
«Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այս երեք սկզբունքը: Ադրբեջանցիները նույնպես երկար մտորումներից հետո «այո» ասացին, սակայն, չգիտես ինչու, դրանք իրենց ձեւով են հասկանում: Մինչ այս պահը Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում անընդհատ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականություն սկզբունքը հասկանալի է ե'ւ մեզ, ե'ւ նրանց, թեեւ տպավորություն է ստեղծվում, որ նրանք այդ սկզբունքը բացարձակ դոգմա են դարձրել` միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, սա թերի, պարզունակ ինքորոշում է: Այդ պատճառով, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքը, շատ դժվար կլինի կարգավորել հիմնահարցը: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել արյունոտ եւ դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում, եւ միամիտ կլինի կարծել, որ ղարաբաղցիները կհրաժարվեն այն ամենից, ինչ ձեռք են բերել, ինչ նվաճել են»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ըստ նրա` տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անփոփոխություն, այլապես աշխարհի քարտեզին չէին հայտնվի նոր պետություններ, այդ թվում` անկախ չէին լինի Հայաստանը եւ Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, Հայաստանի նախագահի կարծիքով` նման հավանականություն կա, հակառակ դեպքում ինչպես հասկանալ այն, որ Ադրբեջանը ձգձգում է բանակցային գործընթացը: «Հավանորեն ծրագրեր ունեն` ավելի շատ ուժ ու միջոցներ կուտակել, որ հարմար պահին նոր ռազմական ավանտյուրա սկսեն: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձոթյունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջին` տոտալ պատերազմ եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացում, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար ոչնչացման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, նրա կողմից նոր տարածքների կորուստ: Եվ այդ ժամանակ Ադրբեջան կսկսի բողոքել եւս 5,6 կամ ավելի տարածքների կորստից: Իսկ հետո ի՞նչ. դարձյալ զինադադար, համաձայնություն, հրադադարի ռեժիմի խախտումներ, նոր պատերազմ... Բոլոր այս սցենարներն անհեռանկար են»:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է Հայաստանը ճանաչել ԼՂՀ անկախությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե, նման հնարավորություն չենք կարող չքննարկել: Օրինակ` այն կարող է իրական դառնալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»: Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ըստ նախագահի` դա կնշանակի բանակցությունների ձախողում. «Ավելի լավ է բանակցություններ վարել»: