կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 22:43
Առանց Կատեգորիա

Ծառատունկի փոխարեն շենքատունկ

Ծառատունկի փոխարեն շենքատունկ

Նալբանդյան փողոցի 106/1 եւ հարակից շենքերի բնակիչները կանգնել են մեծ խնդրի առջեւ, երբ ամիսներ առաջ հողին հավասարվեց իրենց հարեւանությամբ գործող մանկապարտեզի շենքը:

Հետո միայն բնակիչները հասկացան, որ իրենց կանաչ բակում ցանկանում են բարձրահարկ բնակելի շենք կառուցել, իսկ այդ տարածքը ավելի լայնացնելու համար արդեն իսկ քանդվել են բակի ավտոտնակները, իսկ հաստաբույն ծառերի չորս բոլորը փորել են 3 մետր խորությամբ փոսեր:

«Դե հավանաբար այսպես են անում, որ հետո ծառերը չորանան, ու «պարզ ճակատով» կագնեն ասեն, որ իրենք ծառեր չեն կտրել»,- ասում էր երեկ այդ տարածքում բողոքի ակցիա կազմակերպած «Առանց ծառերի քաղաքն ապագա չունի» հանրային քաղաքացիական ակցիայի մասնակից Հայկը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտնեցին, որ տասնամյակներ շարունակ այստեղ գործել է մանկապարտեզ` հայտնի ՆԳՆ մանկապարտեզ անվամբ, որը քանդել են «էլիտար» շենք կառուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ նույն շինարարության դեմ սույն թվականի փետրվարի 24-ին, բողոքի ակցիա անցկացնելու ժամանակ, շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ շինարարություն իրականացնող «Ավագ շին» ՍՊԸ-ն չի ունեցել շինարարություն իրականացնելու թույլտվություն:

Քաղաքացիական բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցրին, որ դեռ ամիսներ առաջ խնդրի առնչությամբ կազմակերպվել է  բնակիչների ստորագրահավաք, եւ դիմումներ են ուղարկվել տարբեր ատյաններ:
Սակայն նրանք ընդամենը Երեւանի քաղաքապետարանից են ստացել պատասխան, որում նշված է եղել, որ շենքի նախագիծը համաձայնեցված չէ իրենց հետ, եւ նման շինարարական աշխատանքների թույլտվություն չկա: Չնայած դրան` հիմքն արդեն փորված է, իսկ շինարարական աշխատանքները դանդաղ, բայց շարունակվում են։

Բնակիչներից մեկը բարկացած բղավում էր. «Հետո էլ կոռուպցիայից են խոսում: Ես ինքս երեխեքիս արգելել եմ վերադառնալ Հայաստան»:

Բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ փորված հիմքի փոսում կագնած էքսկավատորը աշխատում է օրվա տարբեր ժամերի:

«Ես երկրում ո՞վ է ում տերը: Ով` ինչ ուզում` անում է: Հելնենք բողոքենք, ո՞վ է մեզ լսողը»,- ասում էր բնակիչ Ալբերտ Գալստյանը եւ հավելում, որ եթե շինարարությունը օրինական է, ինչո՞ւ շինհրապարակում որեւէ ցուցանակ չկա փակցված, որտեղ պետք է նշված լիներ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության անվանումը, ինչպես նաեւ կառուցվող շինության հատակագիծն ու տվյալները: