Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի իրողությունները փոխվում են, սակայն, ի տարբերություն հեղափոխական փոփոխությունների, գործող անձինք ավելի շատ են. ընդդիմություն-իշխանություն-հասարակություն եռյակը բերելով երկխոսությունների եւ բազմախոսությունների` հնարավորություն է ստեղծվել ապահովել այդ առաջընթացը: Սա «տրանսֆորմացիա» երեւույթի բացատրությունն է` ըստ Աշոտ Մանուչարյանի:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը համոզված է, որ Հայաստանում կատարվող փոփոխություններն ընթանում են հենց տրանսֆորմացիոն ձեւով: Մանուչարյանը գիտի նաեւ, թե ո՞ւմ պատվերով կամ, այլ կերպ ասած, ո՞վ է այդ փոփոխությունների «քավորը». «Ամեն ինչ պարտադրվում է ԱՄՆ-ի կողմից, այդ թվում` երկխոսությունը: Իսկ երկխոսության բերելն ու դրան քավոր կանգնելը բարդ գործընթաց է»,- ասում է նա: Բայց դե, ոչ ավել, ոչ պակաս`ԱՄՆ-ի հետ գործ ունենք. այստեղ են ասում` հո հանաք բան չէ՞:
Հենց այս տրանսֆորմացիոն գործընթացների հետեւանքով էլ Հայաստանի իշխանությունը հայտնվել է սարսափելի բզկտված վիճակում, դա դեռ քիչ է` կամքն էլ պարալիզացվել է: Մանուչարյանն ասում է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել. իբրեւ գաղափարախոս հանդես եկող օտար երկիրը, բնականաբար, իր շահերն ունի:
Լրագրողները հետաքրքրվեցին` ո՞րն է տրանսֆորմացիայի քավորի նպատակը, ի՞նչ է ուզում ստանալ նա: «Ուզում է, մի կողմից, ստանալ կառավարելի, մյուս կողմից` նոր աշխարհին ավելի համապատասխան երկիր»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ամերիկացիներն իրականում շատ ճկուն են եւ ամեն վայրկյան կարող են փոխել սցենարները` իրենց հիմնական նպատակներին հասնելու համար:
Սակայն նա հանգստացրեց լրագրողներին` ասելով, որ Հայաստանում չի ենթադրվում հեղափոխական գործառույթ. տրանսֆորմացիան վրացական տիպի հեղափոխություն չէ, երբ Սահակաշվիլին զորքը հետեւից գցած` գնաց-մտավ պառլամենտ, քշեց նախագահին ու նստեց նրա տեղը: Հայաստանին առաջարկվում է ուրիշ բան, որովհետեւ այստեղ մասնակից է նաեւ իշխանությունը: Արդյունքում կստանանք վրացական պատկերը, միայն թե այս դեպքում` իշխանությունների մասնակցությամբ: «Իշխանական համակարգում ու նախագահական ապարատում շատ հանգուցային դեպքեր կան, որոնք շատ ակտիվ մտած են այս գործառույթների մեջ, շատ ավելի նվիրյալ են այս գործառույթներին, քան անգամ ոմանք ընդդիմությունից»,- ասաց նա:
Մանուչարյանը նաեւ նշեց, որ տրանսֆորմացիոն գործընթացները կարող են տանել մինչեւ այնտեղ, որ մի քանի նախագահներ կանգնեն Եվրոպական դատարանի առաջ: Հետաքրքրվեցինք` Ռոբերտ Քոչարյանը կա՞ այդ ցուցակում, պատասխանեց. «Այն, որ Հայաստանը կարող է հարստացնել այդ ցուցակը, միանշանակ է, թե ումով` ես չգիտեմ»:
Բնականաբար, ինչպես բոլոր հարցերը, Սերժ Սարգսյանի վերընտրվելու հարցն էլ Մանուչարյանը կապեց տրանսֆորմացիոն գործընթացների հետ. «Վերընտրվելու հավանականությունն այսօր ոչ ոք չի կարող գնահատել, այսինքն` 0-ից մինչեւ շատ թե քիչ էական թիվ»:
Մանուչարյանը խոսեց նաեւ արտահերթ ու հերթական ընտրությունների մասին: Ավելորդ է նշել, որ դրանք եւս պայմանավորեց տրանսֆորմացիոն սցենարներով, իսկ «տրանսֆորմացիոն սցենարի մեջ կարող են մտնել ցանկացած արտահերթ ընտրություններ եւ ցանկացած հեղափոխական փոփոխություններ»: Թե որ կուսակցությունն ինչ թիվ կհավաքի, բնականաբար, դա էլ է պայմանավորված տրանսֆորմացիոն գործառույթով: «Ես չեմ զարմանա, եթե նոր պառլամենտում այսօրվա կոալիցիայի կուսակցություններից ոչ մեկը չլինի, բայց չեմ զարմանա նաեւ, եթե լինեն: Այսինքն, երբ քավորությունը հանձնում եք մեկ ուրիշի ձեռքը, ամեն ինչ կախված է նրա ճկունությունից»:
Վերջում հավելենք, որ Մանուչարյանն այս ամենը կանխատեսել էր դեռ սեպտեմբերին, երբ տրանսֆորմացիայի մասին իր կանխատեսումները շատերի կողմից քարկոծվում էին: Իսկ հիմա նա, փաստորեն, «մարգարեացավ»: