Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանի մանկատների 250 շրջանավարտ բնակարանի կարիք ունի:
«Կառավարությունը բազմաթիվ քննարկումներ է իրականացրել այդ հարցի հետ կապված, այժմ փորձում է խնդրին նոր ձեւաչափով լուծում տալ: Մեր կարծիքով` արդյունավետ կլինի սոցիալական բնակարանային ֆոնդերից մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելը: Գյումրիում եւ Մարալիկում մանկատան երեխաները բնակարաններ ստացել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնադխնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանը:
Ըստ նրա` մանկատան երեխաներին բնակարանների տրամադրման ծրագիրը սկսվել է իրականացվել 2003թ.-ից, արդյունքում` 152 մանկատան շրջանավարտներ բնակարան են ստացել: Նրանց նաեւ տրվել է կահույք:
Լալա Ղազարյանը նշեց, որ 2 տարի առաջ, որոշ խնդիրների պատճառով, ծրագիրն այդ բաղադրիչով դադարեցվել է. 2009-2010թթ. մանկատան շրջանավարտներին բնակարաններ չեն տրամադրվել:
Իսկ Հայ օգնության միության երեւանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը նշեց, որ պետական միջոցներով ձեռք բերված շուրջ 20 բնակարան կա, որոնք կիսանկուղային են: Այդ խնդիրը Վերահսկիչ պալատի կողմից բացահայտվել է, եւ մեղավորները պատժվել են:
«Սա խնդիր է, որը եղել է, եւ պետք չէ այն թաքցնել, այլ բարձրաձայնելով ու մեղավորներին պատժելով` պետք է առաջ անցնել եւ աջակցել մնացած երեխաներին»,- ասաց Ա. Մնացականյանը:
Ի դեպ, ուշագրավ հանգամանքը. պատիժ են կրել միայն անշարժ գույքի գործակալները:
Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցն այդպես էլ մնաց իր կարծիքին` պնդելով. «Ոչ մի կիսանկուղային բնակարաններ էլ չեն տրամադրվել: Նման խնդիր չի եղել»: Ըստ նրա` նաեւ լավ է, որ բնակարանները մնում են պետության տնօրինության տակ. «Շատ են դեպքերը, երբ իրենց հատկացված գույքը վաճառել են»:
Կա երեւույթ, որի պատճառները, կարծես, ոչ մեկին չեն հետաքրքրում. թե մանկատան շրջանավարտներից ոմանք ինչո՞ւ են վաճառել իրենց գույքը, ոչ ոք չի բարձրաձայնում, միայն նշում են, որ վաճառել են կառավարության կողմից հատկացված գույքը:
Ի դեպ, բանախոսներից յուրաքանչյուրն ուներ մանկատներում գտնվող երեխաների թվի իր պատկերը. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի պնդմամբ` 2009 թ. Հայաստանի մանկատներում եղել է 1400 երեխա, իսկ ներկայումս` մոտ 800 երեխա է մնացել: Իսկ ՀՕՄ-ի ներկայացուցիչը պնդում էր, որ 2004 թ. երեխաների թիվը եղել է 1163, 2009 թ.` 1243 երեխա:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009 թ. Հայաստանի մանկատներում եղել է 1224 երեխա: