կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-08 18:09
Քաղաքական

Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն». ՀՀ նախագահ

Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն». ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը.


Հարգարժա՛ն քաղաքապետ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով: 

Շնորհակալ եմ Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս տիկին Իդալգոյի, այս հնարավորության համար: Ձեր շնորհիվ է նաև, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը և, իհարկե, հատկապես՝ Փարիզի հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին. խոսքս Երևան կատարած Ձեր այցերի մասին է՝ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798–ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մենք նշելու ենք մեր մայրաքաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը:

Տիկի՛ն քաղաքապետ, 

Փարիզի փողոցներով անցնելիս անհնարին է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և վերջապես՝ այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: 

Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում:

Առանձնահատուկ կուզեի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ: 

Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը:

Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին:

Վստահաբար կարելի է ասել, որ դուք Ձեր ներդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը՝ դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով: 

Այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մենք այդ կոլորիտն ավելի մոտիկից ենք զգում և գնահատում: Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին՝ դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: 

Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի ճանաչելի և ավելի լսելի: Հավատացա՛ծ եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք Ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունը կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար: 

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն քաղաքապետ, Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում Ձեր անձնական ներգրավվածության համար: Ձեր որոշմամբ էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման:

Շնորհակալություն: