Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 05:00
Քաղաքական

Բեն Լադենից մինչեւ ադրբեջանցի դիպուկահարներ

Բեն Լադենից մինչեւ ադրբեջանցի դիպուկահարներ

«Եթե կարծում եք, որ բեն Լադենի լիկվիդացմամբ հակաահաբեկչական դարաշրջանին վերջ է դրվել, սխալվում եք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Մոտ 40 րոպե խոսելով բեն Լադեն երեւույթի, նրա պայքարի եւ նրա դեմ իրականացվող պայքարի մասին` Շաքարյանցը վերջապես հասավ տարածաշրջան, ավելի կոնկրետ` Ադրբեջան ու սկսեց պարզաբանել, թե ինչ կապ ունի բեն Լադենը հարեւան պետության հետ: Պարզվում է` շատ էլ ուղիղ կապ ունի. Շաքարյանցը հայտնաբերել է, որ «Ալ Քաիդա»-ն Ադրբեջանում իր շտաբ-բնակարանն ունի, ավելին` ահաբեկչական ցանցի անդամները կռվել են հայերի դեմ դեռ Արցախյան պատերազմում, եւ դրա ապացույցները կարելի է գտնել ԼՂՀ Պաշտպանության բանակի արխիվներում: Միայն թե Շաքարյանցն արդար չի համարում, որ եթե կարելի է սպանել բեն Լադենին, ինչո՞ւ, այդ դեպքում, հարց չի հարուցվում` պատժել մի պետության, որի ահաբեկչական գործողություններն 1988-ից ի վեր տարածվում են ողջ Անդրկովկասում:

Որ հարեւան երկրի դիպուկահարների կրակոցներից երեք հայ զինծառայողների սպանությունը եւս պետական ահաբեկչություն է, քաղաքագետը կասկած չունի: «Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ոչ պակաս «Ալ Քաիդա» է, բայց, չգիտես ինչու, անպատիժ է մնում: Առանձին անհատներին պատժում ենք, բայց ժամանակը չէ՞, որ պատժենք Ադրբեջանին»,- հարցնում է Շաքարյանցը:

Նա վրդովված է նաեւ Մինսկի խմբի երկրների գործունեությունից, ովքեր, փոխանակ զբաղվելու ահաբեկիչ պետությամբ, «անիմաստ գոյություն են քարշ տալիս»: Շաքարյանցն առաջարկում է հենց հիմա կասեցնել բանակցային գործընթացը եւ Ադրբեջանին առաջարկել չշարունակել սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են միայն ու միայն պատերազմի վերսկսմանը:

«Եթե պետք է` նույնիսկ ուժ կիրառելու սպառնալիքի տակ պետք է համոզել Ալիեւին, որ սադրանքների չգնա: Մենք էլ ունենք «սնայպերներ». այ, որ Ադրբեջանում օրական 10 դագաղ գնա, կտեսնենք, թե ինչ կերգեն պարոն Ալիեւն ու Մինսկի խմբի համանախագահները»,- հայտարարեց քաղաքագետը:

Մինսկի խմբի համանախագահների մոտեցումը նա երկակի ստանդարտների կիրառում է համարում. «Եթե դու հայ զինվորի սպանության դեպքում ասում ես` մի' կրակեք, բայց չես պատժում կրակող կողմին, դա առնվազն խոսում է հավասար մոտեցման մասին, ավելին, նրանք տարածում են ընդհանուր մեղավորության թեզը: Պատկերավոր ասած` եթե դահճին ու զոհին հավասար են չափում, դա առնվազն անբարոյականություն է»: