կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 01:02
Աշխարհ

Հունգարիան այլեւս հանրապետություն չէ

Հունգարիան այլեւս հանրապետություն չէ

Երեկ Հունգարիայի նախագահ Պալ Շմիտը ստորագրել է նոր Սահմանադրությունը, որն արդեն պառակտել է հասարակությունը եւ արժանացել է Եվրամիության խիստ քննադատությանը:

Մասնագետների կարծիքով` երկրի նոր Հիմնական օրենքը, որը խորհրդարանը մշակել եւ ընդունել է շատ կարճ ժամկետներում, կարող է օգտագործվել իշխող աջակողմյան «Ֆիդես» կուսակցության կողմից իր դիրքերն ամրապնդելու համար: Բացի այդ` 2012-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Սահմանադրության մի շարք դրույթներ չեն համապատասխանում մարդու իրավունքների բնագավառում եվրոպական չափորոշիչներին. տեղեկացնում է «Կոմերսանտը»:

ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովը հունգարական Սահմանադրության վերաբերյալ իր եզրակացությունը կտա միայն հունիսին:

Նոր Սահմանադրության ներածականում արդեն Հունգարիան այլեւս հանրապետություն չի կոչվում, ինչպես եղել է վերջին 62 տարիների ընթացքում: Սահմանադրական դատարանի իրավունքները զգալիորեն կրճատվել են, իսկ վարչապետն իրական լծակներ է ձեռք բերել խորհրդարանը լուծարելու համար: Այս ամենը, «Ֆիդեսի» հակառակորդների կարծիքով, լավ հնարավորություն է երկրում բռնատիրություն սահմանելու համար:

Բացի այդ, Սահմանադրության մեջ շատ են անդրադարձները Աստծուն, քրիստոնեությանը եւ Ս. Ստեֆանի թագին, որն ասոցիացվում է ներկայիս Հունգարիայի եռակի տարածքն ունեցող միջնադարյան հունգարական պետության հետ:

Ավելին, երկրի հիմնական օրենքում տեղ գտած նախադասությունը, թե «Հունգարիան, առաջնորդվելով հունգար ազգի միասնականության գաղափարով, պատասխանատվություն է կրում երկրի տարածքից դուրս ապրող հունգարների ճակատագրի համար», լուրջ մտահոգություն է առաջացրել հարեւան երկրներում:

Տեղեկացնենք, որ երկրի տարածքից դուրս բնակվում է ավելի քան 3 մլն հունգարացի: