կարևոր
2065 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-27 13:48
Հասարակություն

Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

Հունգարիան  կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի  աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից է, որ ցանկացած բախումների, պատերազմների դեպքում ձգտում է խաղաղ կարգավորման, կողմ է խաղաղ կարգավորմանը նաև կովկասյան տարածաշրջանում:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,-ասաց Հունգարիայի արտգործնախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ Հունգարիան Ադրբեջանի հետ 2021 թվականին բանակցություններ էր վարել ՝ 5 ռազմագերի Հայաստան վերադարձնելու հարցով: 

«Թույլ տվեք հավաստիացնել, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու համար մեր կապերը: Որպես դրա դրսևորում մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ ի աջակցություն այն ընտանիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում, մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին: Նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել»,-ասաց Հունգարայի ԱԳ նախարարը:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: 2022թդեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։