կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 01:56
Հասարակություն

Թող իրենք մտածեն

Թող իրենք մտածեն

Կարեւոր է, որ Ցեղասպանության թեման ներկայացվի տարբեր ժողովուրդների պատմության համատեքստում. Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված` «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովի բացման խոսքում ասաց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ Ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Հայաստանում միջազգային այդ գիտաժողովի անցկացումը եւս մի վկայություն է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել:

«Գիտաժողովը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ հիշելու շվեդ, նորվեգացի, դանիացի միսիոներներին, ովքեր, հաճախ իրենց կյանքը վտանգելով, օգնում էին հայերին»,- ասաց Ա. Կիրակոսյանը:

Նրա խոսքերով` Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցում այդ մարդկանց հուշերը կարեւոր դեր ունեն, քանի որ ներկայացնում են չեզոք եւ օբյեկտիվ պատմությունը:

«Թեեւ Ցեղասպանությունը տեղի է ունեցել շուրջ մեկ դար առաջ, բայց դրա հետեւանքները շարունակում են մարդկությանը հուզել մինչ այսօր»,- նշեց փոխնախարարը:

Բացման խոսքով հանդես եկան նաեւ Նորվեգիայի Կրակերո քաղաքի քաղաքապետ Կաարե Փրիբեն Հեգլանդը, ով նշեց, որ շատ կարեւոր է նման գիտաժողավների անցկացումը Հայաստանում: Նա իր երախտագիտության խոսքը հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք:

Շվեդիայից պատմաբան Օքե Դաունը նշեց, որ Ցեղասպանության հարցում կոնֆլիկտի խնդիր չկա` այն պետական քաղաքականության միակողմանի հետեւանք է:

«Սա դրամա է, որի մասին հիշողությունները չեն անհետանում կամ փոխվում: Մեծ տերություններն էլ խաղի մեջ են, այդ իսկ պատճառով էլ պարզ է, թե ինչու ԱՄՆ նախագահ Օբաման փոխեց իր տերմինները»,- ասաց Դուանը` ավելացնելով, որ կարեւորը թեման միջազգային լրահոսի զարկերակում պահելն է, իսկ Թուրքիան կընդունի՞ Ցեղասպանությունը, թե՞ ոչ` «թող իրենք մտածեն»: