Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրթական բարեփոխումների նպատակը հասարակության լայն շերտերին հասկանալի դարձնելու ու կրթության նախարարության գործունեությունն ավելի թափանցիկ ներկայացնելու համար մշակվել է ռազմավարություն:
Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արեմն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ներկայացրին 2011-2015 թվականների «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը», որը նախարարը հաստատել է երեկ:
«Անկախ այն բանից, որ մեր կապերը հասարակության հետ բավական ինտենսիվ են, այնուհանդերձ, մենք վստահ ենք, որ այս ոլորտում ունենք ավելի համակարգված աշխատելու խնդիր. պետք է հասարակությանը լավագույն կերպով բացատրենք մեր քայլերը, լսենք եւ արձագանքենք քննադատություններին եւ տեսակետներին»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նա նշեց նաեւ, որ ռազմավարությունը բավական հավակնոտ է, քանի որ ընդգրկվել են հաղորդակցության բոլոր ալիքներն ու միջոցները, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների վիրտուալ տարածքը:
Արմեն Աշոտյանի խոսքերով` ռազմավարությունը նաեւ նախարարության հակակոռուպցիոն ծրագրի բաղկացուցիչն է, ապահովելու է նախարարության թափանցիկ աշխատաոճը եւ արված քայլերի մասին իրազեկումը: Այս գործողությունների շնորհիվ էլ հնարավոր կլինի շահել հասարակության վստահությունը, եւ մարդիկ իրենք էլ կսատարեն բարեփոխումների հաջող ընթացքին:
Դաֆինա Գերչեւան հավելեց, որ ռազմավարությունը մաս է կազմում նաեւ մեկ այլ` Կրթության զարգացման պետական ծրագրին, որի նախագիծը ներկայումս ԱԺ օրակարգում է, եւ ենթադրվում է, որ քննարկումներից հետո կընդունվի:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ ռազմավարության մեջ նշված ծրագրերը աշխատատար եւ ծախսատար են: Ֆինանսական միջոցները ՄԱԿ-ն է հայթայթելու: Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, ռազմավարության համար գումարներ են նախատեսված նաեւ 2011 թվականի բյուջեից: