Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ամռանը ոստիկանությունը տեսահսկող սարքեր է տեղադրվելու Երեւանի տասը հասարակական վայրերում, որոնք ամենամարդաշատն են, եւ հենց այդ շրջաններում են ավելի շատ հանցագործություններ կատարվում:
Ընտրված վայրերը հիմնականում գտնվում են Կենտրոն համայնքում` Ազատության, Հանրապետության, Սախարովի, Ազնավուրի հրապարակներ, Մատենադարանի մոտ եւ այլն: Կենտրոնից դուրս տեսախցիկներ կլինեն նաեւ Գարեգին Նժդեհի հրապարակում: Յուրաքանչյուր վայրում տեղադրված սարքերի թիվը 4-5 է լինելու:
«Հանցագործություն կատարող անձինք միշտ մտածում են, թե ոստիկան չլինելու պատճառով կարող են կողոպուտ կատարել, խուլիգանություն անել, խուսափել պատասխանատվությունից, եւ իրենց դժվար կլինի գտնելը: Հիմա այդ տեսախցիկները մեզ շատ են օգնելու: Դրանք տարբեր կողմերից են դրված լինելու, եւ լիարժեք պատկերն ունենալու ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Նա ասաց, թե լինում են դեպքեր, երբ ոստիկաններն ու քաղաքացիները բախում են ունենում, եւ հաճախ շատ դժվար է լինում կատարվածի իրական պատկերն ունենալ եւ հասկանալ, թե ով է մեղավորը: Այժմ այդ տեսախցիկները կհեշտացնեն ապացույցներ հավաքվելու գործը:
Բացի այս` Ն. Նազարյանը նշեց, որ Կենտրոն համայնքում հսկողություն ապահովելու համար մյուս համայնքները սպասարկող ոստիկաններն են օգնության գալիս, իսկ տեսախցիկների տեղադրումից հետո նրանք կվերադառնան իրենց տարածքներ:
Ցանկալի կլիներ, որ նման տեսախցիկներ տեղադրվեին ողջ քաղաքում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դրանք դեռեւս կլինեն միայն կենտրոնական մարդաշատ վայրերում: Ի դեպ` տեսախցիկները ոչ միայն պատկերը, այլեւ ձայնն են ֆիքսելու: