Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական պանրի արտահանման հավակնոտ գաղափարը և որակը նորից հայտնվել են կառավարության ուշադրության կենտրոնում։ Անցած տարի սեպտեմբերին պանրի արտահանման օժանդակությանն ուղղված կառավարության որոշումը հանգեցրել էր ներքին շուկայում պանրի շուրջ 50% թանկացմանը և դեֆիցիտի։
Երեկ կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը վեց ամիս առաջ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում և հայտնաբերել լրջագույն խնդիրներ։
«Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն, և Եվրամիության հետ համագործակցության մեր չորս ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը։ Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին»,- ասել է Տ. Սարգսյանը՝ հավելելով, թե բյուջեից գումարներ ծախսվեցին, տասնյակ խանութներից հավաքվեց պանիր, և անցկացվեցին լաբորատոր ստուգումներ։
Վարչապետը նշել է, որ պետք է նորից անդրադառնալ այս խնդրին և այս անգամ արդեն հրապարակել ստուգումների արդյունքները։ Նշենք, որ վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ ըստ էության այս ժամանակահատվածում պանրի շուկայում որակի առումով որևէ էական փոփոխություն չի եղել։ Օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերի 3-ին, ներկայացնելով նոյեմբերի 3-ից «պանիր» ապրանքային շուկայի կատարած ուսումնասիրությունները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ կաթնամթերք արտադրող մի շարք տնտեսավարողներ կաթի և պանրի մեջ օգտագործում են կաթի փոշի և սոդա, ինչը օրենսդրությամբ և ստանդարտներով արգելված է։ Սակայն այդ հայտարարությունից հետո օրինազանց ընկերությունների անուններն այդպես էլ հայտնի չդարձան, քանի որ ո՛չ ՏՄՊՊՀ-ն, ո՛չ էլ գյուղատնտեսության նախարարությունը դրանք չհրապարակեցին։
Եթե ՏՄՊՊՀ-ի գործողությունները հասկանալի են, քանի որ ապրանքների որակի վերահսկողությունը այդ կառույցի ուղղակի գործառույթը չէ, ապա անհասկանալի է, թե ինչու է լռել սննդամթերքի անվտանգության տեսչությունը։