Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կենսաթոշակների վճարային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների խնդրին:
Նրա խոսքերով` հունվարից, երբ բարեփոխում իրականացվեց եւ բացահայտվեցին բոլոր հիմնախնդիրները, դիմադրություն առաջացավ այն մարդկանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղվում էին թոշակների բաժանման գործընթացով: Նրանք ցույցեր էին կազմակերպում եւ պահանջում, որ իրենց ապահովեն աշխատանքով:
Վարչապետը փաստում է, որ այդ մարդիկ շատ արագ հայտնվեցին վճարային ծառայություն մատուցող կազմակերպություններում եւ կարճ ժամանակահատվածում նախարարություն ներկայացրին 34 հազար կենսաթոշակառուի անուններից բաղկացած ցուցակ, որոնց պատրաստ էին սպասարկել, այն պարագայում, երբ բոլոր բանկերը միասին հասցրել էին ընդամենը 10 հազար հայտ ստանալ:
«Ես հանձնարարեցի, որ վերահսկողությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները, եւ կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում, այսինքն` նույն կեղծարարությունը շարունակվում է: Հակառակ դեպքում, անհասկանալի է` ինչպես կարող էին նրանք այդ կարճ ժամանակահատվածում բերել այդ ցուցակները: Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել:
Այդ պատճառով, մինչեւ ցուցակները նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ: Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որ հասկանանք` ինչպե՞ս կարող է մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է հենց այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակը ստանալ»,- նշեց Տ. Սարգսյանը:
Նա հավելեց, որ առայժմ չի ցանկանում գնահատականներ տալ, քանի դեռ հանգամանքները վերջնականապես պարզված չեն, բայցեւ փաստեց, որ այս պահի դրությամբ արդեն 421 դեպք է հայտնաբերվել:
«Չեն հանգստանում էդ մարդիկ, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ: Ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է` զբաղվում է ցուցակների ճշգրտմամբ, բայց այդ մարդկանց դա բացարձակապես չի կաշկանդում` պատրաստ են գալ, կառավարության շենքի առջեւ ցույցեր կազմակերպել, որ թույլ տանք այդ գործառույթը շարունակել»,- վրդովված ասաց վարչապետը` առաջարկելով, որ վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը ժամանակավորապես կասեցվի` մինչեւ ցուցակները ճշգրտվեն: