կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-21 22:14
Արցախ

3,5 միլիարդ դրամ՝ Մաղավուզի ենթաշրջանին

3,5 միլիարդ դրամ՝ Մաղավուզի ենթաշրջանին

Այս տարի Արցախում կմեկնարկի Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման 2011-2015 թթ. ծրագիրը։ Սա հանրապետությունում թվով երկրորդ նմանատիպ ծրագիրն է. առաջինը մի քանի տարի առաջ մեկնարկել էր Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանում։

 

Թե որքանո՞վ է ծրագիրն իր նպատակին ծառայել, ինչ արդյունքներ են գրանցվել՝ առայժմ պարզ չէ, քանի որ համապատասխան հաշվետվությամբ գյուղատնտեսության նախարարը դեռ հանդես չի եկել. վարչապետը նրան հանձնարարել է մոտ ժամանակներս ներկայացնել ծրագրի արդյունքները։

 

Անցյալ տարվա նոյեմբերին կառավարության կողմից հաստատված` Մաղավուզի ենթաշրջանի զարգացման ծրագրով մոտակա 5 տարիների ընթացքում շրջանի Մաղավուզ, Մեծ շեն, Մատաղիս, Վարնկաթաղ, Տոնաշեն եւ Թալիշ համայնքներում կկատարվեն ներդրումներ՝ ուղղված գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

 

Ծրագրի համակարգող Տիգրան Առստամյանի հավաստմամբ՝ աշխատող ձեռքի պակաս Մաղավուզի ենթաշրջանում չի զգացվի։ Նա «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում նշել է, որ լուրջ ուշադրություն կդարձվի երկրագործության ոլորտում ագրոկանոններին հետեւելու խնդրին, միաժամանակ քայլեր կարվեն բազմամյա խոտաբույսերի մշակությանը հատկացվող տարածքներն ընդլայնելու ուղղությամբ, ինչը կերային կայուն բազա կապահովի անասնագլխաքանակի ավելացման համար:

 

«Ենթաշրջանի գյուղատնտեսության մեջ նաեւ որոշակի բազմազանություն կապահովվի: Նախատեսվում է ավելացնել խաղողի, պտղի, հատապտղի եւ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությունը: Փորձ կարվի արդյունքներ ապահովել ոչ միայն մշակվող տարածքներն ընդլայնելու, այլեւ բերքատվությունը բարձրացնելու ճանապարհով»,- տեղեկացրել է Տիգրան Առստամյանը, որի հավաստմամբ՝ աշխատանքներ կիրականացվեն նաեւ գյուղտեխնիկայի թարմացման, արտադրանքի իրացման եւ այլ ուղղություններով։

 

Առաջիկա հինգ տարիներին Մաղավուզի ենթաշրջանի զարգացման ծրագրին կհատկացվի մոտ 3,5 միլիարդ դրամ: