կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 04:44
Հասարակություն

Ծառերը հիվանդ են եղել (լուսանկարներ)

Ծառերը հիվանդ են եղել (լուսանկարներ)

Երեւանի Զաքյան փողոցի (Խորենացու փողոցից մինչեւ Գրիգոր Լուսավորիչ փողոց) երկու մայթեզրերի ծառներն արմատախիլ են արվել: Արդեն երկրորդ օրն է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները ջանասիրաբար իրենց գործն են անում` հողի դուրս են բերում հատված ծառերի արմատները եւ փորձում կարգի բերել մայթերը:

 

Ինչպես «Երկիր»-ին հայտնեց Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը, այդ հատվածի ծառերի տարիքն արդեն 50-ից անց էր, ուստի ստեղծվել է գյուղակադեմիայի, համալսարանի մասնագետներից եւ բնապահպաններից կազմված հանձնաժողով, որն էլ ուսումնասիրության արդյունքում եզրակացրել է, որ ծառերն արդեն հիվանդ են, դրանք անհրաժեշտ է կտրել, իսկ տեղը տնկել գնդաձեւ ակացիաներ, որոնց մշակումը, բուժումը եւ պահպանումը ավելի հեշտ է:

 

«Նման դեպք մենք ունեցանք մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում. դուրս բերեցինք հին ծառերը եւ տեղում տնկեցինք գնդաձեւ ակացիաներ»,- ասաց նա:

 

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ մի քանի օրից կսկսվի ծառատունկը, եւ այդ փողոցում կտնկվեն 65-ից ավելի ակացիաներ: «Ըստ կարգի` յուրաքանչյուր փողոցում պետք է լինեն միատեսակ ծառատեսակներ, ուստի մենք հատել ենք նաեւ մի քանի երիտասարդ ծառեր»,- ասաց նա:

 

Իսկ թե հատված փայտանյութը ո՞ւմ է փոխանցվել, Ս. Մաքսապետյանը հայտնեց, որ ծառահատումներից գոյացած փայտանյութը կուտակվում է վարչական շրջաններում, այնուհետեւ տրվում է անապահով ընտանիքներին:

 

Երեւանի բնապահպանական խնդիրներով մտահոգ բնապահպան Կարինե Դանիելյանը «Երկիր»-ին հայտնեց. «Դեռ անցյալ տարի քաղաքապետարանը ուզում էր այդ ծառերը կտրել, եւ մենք թույլ չտվեցինք: Սակայն հետո ես իմացա, որ քաղաքապետարանն ինչ-որ մասնագետներ է բերել ու նրանք էլ ասել են, որ այդ ծառերը պետք է դուրս բերվեն»:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ