կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 22:25
Մշակույթ

Հերի՛ք եղավ, Տե՛ր...

Հերի՛ք եղավ, Տե՛ր...

Կյանքս կտամ հայրենիքիս,

Հոգիս` Աստծուն,

Պատիվս` ինձ,

Զենքս` որդուս,

Սերս... մայրերին կտամ...

 

«Չգիտեմ... Ինչ բացասական բաներ կային կուտակված` ամբողջը դուրս եկավ` արցունքների միջոցով: Հա'մ թեթեւություն եմ զգում, հա'մ... ոնց որ մենակ լինեմ: Կարեւորն ինքս ինձ հետ եմ ու անկեղծ եմ»,- ասաց 62-ամյա տիկին Գայանեն` Դավիթ Ամալյանի համերգի վերջում:

 

Դավիթ Ամալյանը չի սիրում կրկնվել ու միշտ ասում է այն, ինչ ուզում է: Մարտի 2-ին եւ 3-ին էլ` համերգի ժամանակ, ասում էր այն` ինչ ուզում էր:

 

«Ընկերներիս կողմից միշտ քննադատության եմ արժանացել, որ ուրախ երգեր չեմ գրում»,- ասաց Ամալյանը եւ երգի միջոցով բացատրեց ընկերներին պատճառը`«Ինչպես հորինեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում աշունն է տիրում»:

 

«Դավիթի ձայնն այն եզակի երեւույթներից է, որ երբ սկսում է երգել, բառերն անկարեւոր են դառնում, ու չգիտես ինչու` արցունքները ազատության գիրկն են ընկնում: Դրանք չարը տանող արցունքներն են: Պատկերացրեք` բառերի հոսքի մեջ էլ որ ընկնենք, երեւի սրբացած տուն կգնանք»,- ասաց 37-ամյա Կարեն Սահակյանը, ով վերջում ականջիս շշնջաց, որ ներկա է գտնվել 2 համերգներին էլ` «Ուզում եմ բարիանալ»...

 

Ձա՞յնն էր համատարած չարը տանող արցունքների պատճառը... Երբ Ամալյանը նստած էր երգում, անընդհատ թվում էր, թե ուր որ է աթոռից կընկնի. էմոցիաները ճոճում էին աթոռը:

 

«Աս երեկոյին ներկա լինելու համար Լիբանանեն եկած եմ, առիթ մըն է` Հայաստան գալու: Հուզված եմ ու միայն երախտապարտ Դավիթին: Կխնդրեմ ձեր թերթին մեջ գրեք, որ Դավիթ երեւույթ մըն է, որուն ազգը ինչպես հարկն է չի գնահատեր: Դուք չէ` դրվածքն է սխալ»,- ասաց տիկին Արաքսյան, ում ամուսինն այնքան հուզված էր, որ անգամ խոսել չկարողացավ:

 

Ինչպես ասեց տիկին Արաքսյան, եթե դրվածքը ճիշտ լիներ, Դավիթ Ամալյանը ավելի հաճախ համերգներ կտար, իսկ սփյուռքահայերը ավելի շուտ-շուտ Հայաստան կգային եւ գուցե փոշմանեին ու մնային... Հերի՛ք եղավ, Տե՛ր... Դավիթ Ամալյանն էլ երգում էր` «Ոչինչ չեմ ուզում, մի սովորական հրաշք եմ ուզում»...