Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը կա ՜մ կդժվարացնի բանակցային գործընթացը, կա ՜մ պարզապես անիմաստ մի ձեւաչափ կլինի. այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշել է, որ հատուկ հանձնաժողովի ստեղծումը հակասում է մեր շահերին եւ որեւէ դրական դեր չի կարող ունենալ Ղարաբաղյան կարգավորման գործում: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ, Մինսկի խմբին զուգահեռ ձեւաչափ ստեղծելով, միջազգային հանրությունն անուղղակիորեն տուրք է տալիս ադրբեջանցիների ցանկությանը` հարցը տեղափոխել ՄԱԿ կամ այլ միջազգային կառույցներ: Չի բացառվում, որ դա Թուրքիան լծակ դարձնի եւ փորձի անընդհատ ճնշումներով ուղղակի կամ անուղղակի ազդել Մինսկի խմբի վրա:
«Մեր պատվիրակության անելիքը պետք է լինի այն, որ այս ենթահանձնաժողովն ունենա իր տրամաբանական վախճանը: Նրանց այդ գործողությունից է կախված, թե մենք ինչպես կգնահատենք իրենց առաքելությունը»,- նշել է Բոզոյանը: Ինչ վերաբերում է, հանձնաժողովի վերստեղծման հետ կապված, Մինսկի խմբի համանախագահների արձագանքին, Բոզոյանը նշել է, որ երբ խնդիրը դրվում էր ՄԱԿ-ում, համանախագահներն ավելի կտրուկ էին:
«Փաստորեն, եթե ադրբեջանցիները դեմարշ են անում, Մինսկի խմբի ներկայացուցիչները փորձում են հարթել խնդիրը: Կարծում եմ` ժամանակն է, որ հայկական կողմն էլ այդպիսի լեզվով խոսի, որպեսզի Մինսկի խումբը հասկանա, որ չի կարելի ասել մի բան եւ բոլորովին այլ բան անել»,- նշել է քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովն էլ կարծիք է հայտնել, որ դա համաձայնեցված քաղաքականության արդյունք է եւ ղեկավարվել է Չավուշօղլուի կողմից. պատահական չէ, որ Բյուրոյի ոչ մի անդամ դեմ չի քվեարկել: