կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 21:35
Աշխարհ

Ժողովրդական ապստամբություն` Եգիպտոսում

Ժողովրդական ապստամբություն` Եգիպտոսում

Եգիպտոսում չեն հանդարտվում հակակառավարական ելույթները: Երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են արդեն չորրորդ օրը: BBC-ի տեղեկացմամբ` դրանք ընդգրկել են երկրի նահանգների մեծ մասը: Որոշ տվյալներով` ցուցարարների թիվը նվազագույնը 300 հազար է:


Երկրի իշխանությունները պարեկային ժամ են մտցրել մայրաքաղաք Կահիրեում, Սուեզում եւ Ալեքսանդրիայում, թեեւ, ըստ «Ալ Ջազիրա»-ի, այն չի պահպանվում: Կահիրեի որոշ շրջաններ ձեռքից ձեռք են անցնում: Ցուցարարները թալանել ու հրդեհել են կառավարող Ազգային ժողովրդավարական կուսակցության գրասենյակը, փորձել գրոհել երկրի արտգործնախարարության շենքը: Կուսակցության գրասենյակում բռնկված հրդեհը կարող է վնասել հասցնել նաեւ Կահիրեի Ազգային թանգարանին: Ի դեպ, մի քանի հազար մարդ շրջափակել են թանգարանի շենքը` այն պաշտպանելով թալանից:


Երկրի նախագահ Մուբարաքը հանդես է եկել հեռուստաելույթով, որը հեռարձակել են աշխարհի առաջատար հեռուստաալիքները: Նա հայտարարել է, որ լուծարել է կառավարությունը, եւ խոստացել է շատ արագ նոր կառավարություն ձեւավորել: Նախագահը նաեւ երիտասարդությանը կոչ է արել դադարեցնել անկարգությունները: Միաժամանակ Մուբարաքը չի անդրադարձել իր հրաժարականի թեմային, թեեւ հենց դա են պահանջում ցուցարարները:


Հուզումների 4 օրերի ընթացքում զոհվել է 20 մարդ, վիրավորել` ավելի քան 1300-ը: Ոչ պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է մոտ 1000 մարդ, նրանց ներկայացվել է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանք: