«Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համմարբերգի ներկայությամբ «Արթիկ» ՔԿՀ պետ Վարդան Սարգսյանին է հանձնել դիմում ու դրան կից ութ հատ ծրար: Դիմումը հասցեագրված է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, իսկ նամակները` ՀԺ-ին: Թովմասյանը օրերս իր ասուլիսում առաջարկել էր, որ Փաշինյանը ՀԺ-ին հասցեագրված նամակները իրեն ուղարկի` խոստանալով դրանք անձամբ փոխանցել հասցեատիրոջը: Երեկ ծրարները ՀԺ-ն դեռ չէր ստացել: Հայտնի չէ, թե արդյոք դրանք հասե՞լ են Թովմասյանին: Նիկոլ Փաշինյանը նաեւ նամակ է գրել Թոմաս Համմարբերգին, որը, սակայն, երեկ դեռ չէր կարողացել հանձնել «Արթիկ» ՔՀԿ վարչակազմին: Այստեղ, ակնհայտորեն օգտվելով միջազգային մակարդակի վկաների բացակայությունից, կրկին հրաժարվել են ծրարը վերցնել: Փաշինյանը երեկ փորձել է իր կնոջը փոխանցել Համմարբերգին հասցեագրված նամակը, որ կինն այն ուղարկի հանձնակատարին, սակայն դա եւս չի հաջողվել, քանի որ մինչ տեսակցության սենյակ մտնելը ՔՀԿ աշխատակիցները խուզարկել են Նիկոլ Փաշինյանին եւ վերցրել նամակը: