168 ԺԱՄ. Գլխավոր խնդիրը Սուրեն Բաբայանին փող տալն է
Արդեն արտադրության մեջ գտնվող` կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» (ըստ Լեւոն Խեչոյանի` «Սեւ գիրք, ծանր բզեզ» ստեղծագործության) գեղարվեստական ֆիլմը որոշվել է դարձնել կարճամետրաժ ֆիլմ: Դեռեւս անցյալ տարվա վերջին Ազգային Կինոկենտրոնը տեղեկացրել էր, որ ըստ Լեւոն Խեչոյանի համանուն վեպի նկարահանվող ֆիլմն ունենալու է լիամետրաժ գեղարվեստական ֆորմատ (հայտում ներկայացված ընդհանուր բյուջեն էլ պետք է կազմեր 140 մլն դրամ), սակայն վերջերս` գումարի սղության պատճառով, ֆիլմը, որի նկարահանումների զգալի մասը կատարված է, որոշվել է մոնտաժել կարճ տարբերակով: Կրճատվել է նաեւ ֆիլմի անվանումը` ձեռք բերելով «Բզեզ» վերնագիրը: Այս նախաձեռնությունը Ս. Բաբայանը չի առարկել: Ըստ Կինոկենտրոնի տեղեկության` ֆինանսական ռեսուրսների պակասը ռեժիսորին դրդել է համաձայնել կարճ տարբերակի հետ, սակայն միաժամանակ` հույս փայփայել, որ երբ հավելյալ գումար գտնվի, ֆիլմի աշխատանքները կվերսկսվեն: Կինոկենտրոնի աշխատակից Ռուզան Բագրատունյանի փոխանցմամբ` դա չափազանց ծախսատար ֆիլմ էր, որը բարդ նկարահանումներ էր ենթադրոմ, եւ որոշվեց, արդեն իսկ նկարահանված նյութն ավարտին հասցնելու համար, կարճամետրաժ ֆիլմի տարբերակի վրա կանգ առնել: Այնպես որ` առայժմ Ս. Բաբայանը սահմանափակվելու է արդեն իսկ պետության կողմից տրամադրված 21,5 մլն դրամով: