կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 22:35
Հասարակություն

300 մարդ էլ մնաց անաշխատանք

300 մարդ էլ մնաց անաշխատանք

Պետական հիմնադրամի վճարման ծառայության աշխատողները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` ստուգելու կառավարության ամոթի սահմանները:

 

Հիմնարկը լուծարվել է նոյեմբերի 4-ին, սակայն աշխատակիցները պնդում են, որ այդ մասին իրենց տեղյակ են պահել միայն դեկտեմբերի 22-ին:

 

«300 աշխատակիցներով մնացել ենք անաշխատանք. մեծամասամբ միայնակ մայրեր ենք: Լուծարումից երեք օր հետո պետք է մեր վերջնահաշվարկը վճարեին, սակայն մինչեւ օրս չեն վճարել: Ավելին, ասում են, որ 20 տոկոս պահում պետք է անեն»,-ասաց աշխատակիցներից մեկը:

 

Բոլոր աշխատակիցների վերջնահաշվարկը կազմում է մոտ 72 մլն դրամ: Վերջիններս պնդում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հարությունյանը խոստացել էր դեկտեմբերի 30-ին վճարել իրենց բաժին գումարը, սակայն երեկ զրուցել են տնօրենի հետ եւ, ինչպես նշում են աշխատակիցները, Արա Հարությունյանը խոստացել է 1 ամսվա ընթացքում վճարել գումարները:

 

«Միայնակ մայր եմ, երեխայիս ո՞վ է պահելու», «Իմ տղան էլ բանակում է զոհվել», «Ես վարկով տուն եմ վերցրել եւ մնացել օդից կախված». աշխատակիցները բողոքում են, որ այս ընթացքում փորձել են դիմել «Հայփոստի» բաժանմունքներ` աշխատանքի ընդունվելու համար, բայց 40 եւ ավել տարիք ունեցողներին աշխատանքի չեն վերցնում, մնացածներին էլ դեռ հարցազրույցի 3 փուլ է սպասվում:

 

«Դե արի սոված երեխայիդ բացատրի, որ, բալիկս, երկար սպասի` միգուցե եւ մայրիկդ աշխատանքի կընդունվի»,-զայրացած ասաց տիկին Սիլվան:

 

270 աշխատակիցներով դիմել են Աշխատակազմի սոցիալական հարցերի նախարարություն` Ծովինար Խաչատրյանին, աշխատանքի ընդունվելու խնդրանքով, բայց նախարարությունից խորհուրդ են տվել դիմել գործազուրկների կենտրոն: