Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ հայտարարել է, որ ընդդիմությանը, որին ի սկզբանե չեն հրավիրել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների փաթեթի քննարկմանը, այսօր առաջարկում են աշխատել իշխանության կատարած լրամշակումների լրամշակման վրա: «Այն ձեւաչափը, որ այսօր առաջարկում է աշխատանքային խումբը, բացառում է ընդդիմության նախագծի քննարկումը, եւ մեզ այսօր հրավիրում են` ընդամենը լեգիտիմացնելու իրենց առաջ քաշած ինչ-ինչ դրույթներ»,-նշել է Հովսեփ Խուրշուդյանը` հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների հարցում իշխանություններն ընդդիմության հետ պատրաստ չեն որեւէ իրական փոխզիջման գնալ, մինչդեռ ՀՅԴ-ի հետ իրենց համատեղ նախագծում կան մի շարք առանցքային կետեր, որոնք արժանի են ուշադրության:
Խուրուդյանի խոսքով, իշխանությունն իրականում հակված է վերից վար աղճատել ընտրական գործընթացի միասնականությունն ու խախտել դրա կառավարման եւ վերահսկման տրամաբանությունը: «Այն գործողությունները, որոնք իրականացնում են իշխանությունները, բավականին տրամաբանական են, եթե հաշվի առնենք, որ հաջորդ ընտրություններին նրանք չեն ուզում գնալ համագործակցության սցենարով, այլ պատրաստվում են նորից կրկնել բախումնային սցենարը»,- հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը` նշելով, որ միայն լավ «Ընտրական օրենսգրքով» հնարավոր չէ նորմալ ընտրություններ իրականացնել, պետք է ցուցաբերել նաեւ քաղաքական կամք, իսկ քաղաքական կամքի դրսեորումներն սկսվում են հենց «Ընտրական օրենսգրքից»: «Մեզ համար ակնհայտ է, որ քաղաքական կամք չկա, եւ իրական բարեփոխումների խնդիրն իշխանությունների համար ակտուալ չէ, այլ արվում է միայն մեր հասարակությանն ու միջազգային կառույցներին հանգստացնելու նպատակով»,-նշել է Խուրշուդյանը: