կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 16:33
Քաղաքական

ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետերի քաղաքական կամքը. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետերի քաղաքական կամքը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում  կոնսենսուս է անհրաժեշտ: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ վարչապետերի մակարդակով քննարկումները հնարավորություն են տալիս նիստի շրջանակներում ընդունելու քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար:

«Եվ մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն  են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետերին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրներն այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետերի քաղաքական կամքը, որպեսզի  բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն` շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:

Նրա խոսքով՝ բիզնեսի համար երկրորդ կարևոր հարցը հակադեմպինգային հետաքննության գործառույթն է: