Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վերջին 30 տարիների ընթացքում հայ բառն իբրեւ հայհոյանք էր հնչում Թուրքիայում: Այս հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է: Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի: Եթե մեկը պետք է ճանաչի 1915թ., դա Թուրքիան է:
Թուրքիայում որոշակի փոփոխություն կա, առաջադիմական կեցվածք կա: Անձնական խոսակցությունների ժամանակ կարող ենք ցեղասպանության հարցն ազատ քննարկել, անգամ կգտնվեն մարդիկ, ովքեր ընդունում են ճշմարտությունը: Չկարծեք, թե Թուրքիայում միայն ամբոխավարություն է: Թուրքիայում նաեւ մտածող ու առաջադիմական մարդիկ կան:
Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար:
Սահմանի բացումը շատ կարեւոր է երկու ժողովուրդների մեջ ամրացած հոգեբանական, պատմական հիվանդությունից ազատվելու համար: Տնտեսական հարաբերություններից, առեւտրից շատ ավելի կարեւոր է այս հանգամանքը:Ես հետեւում էի հայաստանյան մամուլին եւ տեսա, որ կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն եւ մեծ վտանգ են տեսնում սահմանի բացման մեջ: Այս առաջադիմական ժամանակներում նման վախ չպետք է ապրենք: Գլոբալ աշխարհի մեջ այդպիսի հարցադրումներն ինձ համար անհասկանալի են: Եթե Հայաստանը հիմա էլ տարված է նման հարցերով, ապա դա էլ լուրջ հոգեբանական բարդույթ է: Ես համոզված եմ, որ Թուրքիան ժողովրդավարական լինելով պետք է ճանաչի 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարծում, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանությունն ընդունելով, կդառնա ժողովրդավար: Հակառակ դեպքում 1915թ.-ը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչվելը քիչ բան կտա հայերիս: Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի: Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար:
Եթե Թուրքիան մի օր պետք է Եվրամիություն մտնի, ապա այդ օր Թուրքիայում ցեղասպանության հարցն արդեն պետք է լուծված լինի: Ինձ համար աշխարհի ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր: Եվ մի փափագ ես ունեմ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Հայոց աշխարհն ամուր պահել, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին դեպի Հայաստան բերել ու կապել երկրին, ապա շատ կարեւոր է սփյուռքի նախարարության ստեղծումը: Սփյուռքի որեւէ անհատ չպետք է անտեսվի: Այն աշխատանքը, որը տանում է ՀՀ ԱԳ-ն, քիչ է եւ ոչ բավարար: Եթե նախկինում մեր ասելիքը թուրք իշխանավորներին ու պետական այրերին մենք միայն ծրարներով ու նամակներով էինք հասցնում, ապա պետք էր խոսել ոչ միայն նրանց հետ, այլեւ թուրք ժողովրդի հետ: Իսկ խոսել մենք կարող էինք մամուլի միջոցով եւ իրենց լեզվով»,-գրել է Դինքը:
Հրանտ Դինքն առհասարակ վերապահումով էր մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել «տալու» հայության ջանքերին, իսկ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծը պարզապես անընդունելի էր մի մարդու համար, ով մի քանի անգամ ստիպված էր եղել «ցեղասպանություն» բառն արտասանելու պատճառով կանգնել թուրքական դատարանի առջեւ։ Նա գտնում էր, որ Թուրքիային ժողովրդավարական արժեքներ պարտադրելու փոխարեն ֆրանսիացիները յուրացնում են նրա սխալ օրենքները։
«Եթե այս օրինագիծն օրենք դառնա, ես կլինեմ առաջիններից, ով կգնա Ֆրանսիա եւ կփորձի խախտել այն։ Եվ թող Թուրքիան ու Ֆրանսիան մրցեն, թե ով է առաջինն ինձ բանտ նետելու։ «Դժոխքի կրակները» լքելով «երկինք» փախչելն ինձ համար չէ։ Ես ուզում եմ այս գեհենը երկինք դարձնել»։
Դինքն ակտիվորեն զբաղվել է Թուրքիայի «ծպտյալ» և մուսուլման հայերի ու նրանց սերունդների հարցերով: Նրա խմբագրած «Ակօս» շաբաթաթերթը նպաստել է, որ «կորած հայերը» գտնեն իրար:
«Պատահում է օրական 5-6 նամակ ենք ստանում: Մարդիկ գտնում են միմյանց: Հայերը ամեն տեղից սկսում են զգացնել տալ իրենց գոյության մասին, և շատ ուրախ ենք, որ «Ակօս»-ը այս հարցում կարևոր մի միջոց է»:
Դինքը, երևի թե իր ամենավերջին հարցազրույցներից մեկում, տպագրված ԱՄՆ-ի հայկական «Օրակարգ» թերթի 2007թ. հունվարի 10-ի համարում, նշում է. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւնը ունին հրապարակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին: Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մեկը կրնայ դառնալ անիկա, քանի որ Թուրքիան որքան ժողովրդավարականանայ, մարդիկ իրենց ինքնութիւնը արտայայտելու այնքան աւելի քաջութիւն պիտի ունենան: Սա նախադասութիւնով կրնամ իմ հայեացքս դրսեւորել եւ ըսել, որ` եթէ Թուրքիան եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթե հայութիւնը առնուազն երկու միլիոն եւս շատնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով: Ինծի համար շատ կարեւոր է այս հարցով աշխատիլ եւ գտնել այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները, որ քրիստոնէական պատգամ է: Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը...»: