կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-28 22:54
Արցախ

ԼՂՀ ԱԺ-ն ամփոփել է երկրորդ նստաշրջանը

ԼՂՀ ԱԺ-ն ամփոփել է երկրորդ նստաշրջանը

ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանում  (սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) գումարվել է 6 լիագումար նիստ, որոնցից 1-ը` արտահերթ

 

Օրերս ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով երկրորդ նստաշրջանի աշխատանքները տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, ընդունվել է 58 օրենք, որոնց մի զգալի մասը` 9 օրենսդրական փաթեթների կազմում: «Հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 4 օրինագիծ, իսկ երկու օրինագիծ մերժվել է Ազգային ժողովի կողմից: Նստաշրջանի ընթացքում ոչ մի օրենքի նախագիծ ետ չի վերադարձվել»,-նշել է ԱԺ նախագահը:

 

Խոսելով խորհրդարանի քաղաքական գործունեության մասին, նա նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին ընդլայնված նիստ է հրավիրել` «ՙՀարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները եւ այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները»՚  հարցով, որին հրավիրված էին նաեւ գործադիր իշխանության պատկան մարմինների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի պատասխանատուներ, վերլուծաբաններ ու փորձագետներ:

 

«Այդ կարգի միջոցառումներից էր նաեւ նոյեմբերին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պատգամավորը մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված միջազգային գիտաժողովի եւ մի շարք այլ միջոցառումների»,-շարունակել է Ա.Ղուլյանը:

 

ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Աժ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրանիկ Սարգսյանը մասնակցել է այդ հանրապետության խորհրդարանական ընտրությունների դիտարկանը` ԼՂՀ պատվիրակության կազմում:

 

Բացի ղարաբաղյան պատգամավորների այցերից, Արցախի խորհրդարան են այցելել եւ քաղաքական քննարկումներ ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորները` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադը, Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան: