Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Ազգային ժողովի երեկվա նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել տարեկան հաղորդմամբ՝ ամփոփելով ԱԺ առաջին, երկրորդ եւ երրորդ նստաշրջանների օրենսդրական գործունեությունը: Խորհրդարանական տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, գումարվել են 13 լիագումար նիստեր, շրջանառության մեջ է դրվել 103 օրինագիծ, որոնցից 96-ն ընդունվել է որպես օրենք։ Տարվա կտրվածքով՝ պատգամավորական նախաձեռնությամբ առաջադրվել եւ ընդունվել է 2 օրինագիծ։
«Հինգերորդ գումարման Ազգային ժողովն անցած նստաշրջանների ընթացքում, բացի օրինաստեղծ աշխատանքից, ծավալել է նաեւ որոշակի քաղաքական աշխատանք։ Հիշեցման կարգով նշեմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ 2010թ. սեպտեմբերի 10-ի ընդլայնված նիստը՝ «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները և այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» օրակարգային հարցով` գործադիր իշխանության մարմինների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի պատասխանատուների, վերլուծաբանների ու փորձագետների մասնակցությամբ։ 2011թ. միջոցառումների մեջ հարկ է նշել «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային իրավական երաշխիքները» թեմայով խորհրդաժողովը, որն անցկացվել է այս տարվա ապրիլի 16-ին»,- տեղեկացրել է ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ մայիսի 20-ին էլ ԱրՊՀ նախաձեռնությամբ անցկացվել է ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված գիտաժողով՝ Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած փորձագետների մասնակցությամբ:
Ուշադրության կենտրոնում պահելով ներքին եւ արտաքին քաղաքական անցուդարձը` կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, Ազգային ժողովն ընդունել է մի շարք քաղաքական հայտարարություններ` Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, Վերածննդի օրվա առթիվ, Շուշիում 91 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձության վերաբերյալ եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17-րդ տարեդարձի կապակցությամբ։