կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 02:33
Հասարակություն

Լիցենզիա պետք է ստանան բոլոր հեռարձակողները

Լիցենզիա պետք է ստանան բոլոր հեռարձակողները

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2010 թվականին հունիսի 10-ի փոփխությունները չեն լուծում հեռարձակաման ոլորտում առկա հին խնդիրները, ավելին` նոր մարտահրավեներ են առաջացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինիս խոսքով, կոմիտեն օրենքի շրջանառության առաջին իսկ օրերից քննադատել է այդ հայեցակարգը: Օգոստոսին ձեւավորվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը, որը այսօր արդեն ներկայացնում է սեփական առաջարկները:

 

Աշխատանքային խմբի կարծիքով, թվայնացման գործընթացում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները տպավորություն են թողնում, թե պետությունը փորձում է իր կայացրած որոշումը պարտադրել հասարակությանը: Աշխատանքային խումբը գործընթացի դյուրացման համար առաջարկում է սեփական մոտեցումները, որոնց հիմքում հեռարձակման ոլորտի ազատականացման գաղափարն է: Այդ առաջարկների համաձայն` օրենսդրական ոլորտ պետք է մտնի պարզ լիցենզվորման գաղափարը: Բոլոր հեռուստաընկերությունները լիցենզիա պետք է ձեռք բերեն պարզ ընթացակարգով, ապա միայն որոշեն մասնակցում են պետության առաջարկածին, եթե ոչ` ընտրեն հեռարձակման սեփական ձեւը` կլինի դա ինտերնետային, կաբելային, թվային թե արբանյակային:

 

«Տեխնոլոգիական սրընթաց զարգացումների պայմաններում մենք չենք կարող հստակ ասել, որ թվայնացումը այն է, ինչ մեզ է պետք, ուստի այն չպետք է համատարած պարտադրվի: Լիցենզիա պետք է տրամադրվի բոլոր հեռարձակողներին բացառությամբ սխալ փաստաթղթեր ներկայացրածների, իհարկե այն զբաղեցնելու դիմաց համապատասխան տուրք վճարելով»,- ասել է աշխատանքային խմբի անդամ Մեսրոպ Հարությունյանը: Առաջարկությունների այս փաթեթը աշխատանքային խումբը ներկայացնելու ԱԺ հինգ խմբակցությունների, գործադրին, միջազգային կառույցների: Առաջարկները կընդունվեն թե ոչ` աշխատանքային խումբը միանշանակ ասել չի կարող, հուսով են այն կօգնի օրենքի կատարելագործմանը: