ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս տարի դիտարկել է 39 հեռուստառադիոընկերություն, որոնք ընտրությունները լուսաբանելու հայտ էին ներկայացրել. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով` դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի դրությամբ խախտումներ չեն հայտնաբերվել:
«Այդ ժամանակահատվածում չի եղել ոչ մի բողոք միջազգային կազմակերպությունների կողմից, 11 քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ առ այսօր բոլոր հեռարձակողները պահպանում են և′ Ընտրական օրենսգրքի, և′ Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի մեթոդաբանության դրույթները:
Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ այս ընտրություններին լրագրողները թեկնածուների հետ շրջում էին, և այս անգամ, ըստ մշտադիտարկման արդյունքների, լրագրողները շատ ավելի էին տիրապետում թեմային:
«Վերջնական մշտադիտարկման արդյունքները մենք կհրապարակենք դեկտեմբերի 13-ին, կլինի ամբողջական պատկերը, և կլինի մեր եզրակացությունը»,- նշեց նա: