Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ որոշվել էր, որ 2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող կանանց նույնպես մայրության նպաստ կնշանակվի:
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ չաշխատող մայրիկին նույնպես այսուհետ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ կտրվի /140 օրով/, ինչի հիման վրա էլ հետագայում նա նպաստ կստանա:
Նպաստ ստանալու համար անհրաժեշտ է նաև ծննդօգնության պետական հավաստագիր ունենալ, ինչն, ըստ Գալստյանի, կնպաստի, որպեսզի կինը հղիության վաղ ժամկետում նախազննության գնա:
«Ուզում եմ հիշեցնել, որ մայրության նպաստը ստանում են միանվագ: Մայրության նպաստը կհաշվարկվի դիմում գրելու պահին կառավարության սահմանած նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Մայրության նպաստը չաշխատող մայրիկների դեպքում 2016-ի հունվարի 1-ի դրությամբ /հաշվի առնելով միջին աշխատավարձը/ կլինի 126 600 դրամ: Մեր տվյալներով` 2016-ին 300 000 չաշխատող մայրիկ կստանա մայրության նպաստ, որը կկազմի շուրջ 4 մլրդ դրամ: Ի դեպ, այս գումարն արդեն իսկ նախատեսված է 2016-ի պետական բյուջեում»,- ասաց Գալստյանը:
Չաշխատող մայրը նպաստ ստանալու համար պետք է`
- հղության 30 շաբաթականից հետո բժշկից վերցնի իր` անաշխատունակության թերթիկը,
- հաշվառված լինի պետական ռեգիստրում` ՀՀ բնակության վայրի հասցեով,
- ներկայացնի դիմում իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին,
- ունենա անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ /բացակայության դեպքում` դրանից հրաժարվելու փաստաթուղթը/,
- ունենա ծննդօգնության պետական հավաստագիր:
Ի դեպ, ծննդօգնության պետական հավաստագիր չունենալու դեպքում նպաստ չի տրվի: Նպաստ չի տրվի նաև, եթե կինը չդիմի 140 օրում:
Գալստյանը տեղեկացրեց, որ նպաստ ստանալու համար հղիի փոխարեն համապատասխան փաստաթղթերը կարող է ներկայացնել նրա ընտանիքի անդամներից մեկը, անգամ` հարևաններից մեկը:
Ի դեպ, եթե հղիությունն ընդհատվի մինչև 22 շաբաթական ժամկետում, կինը նպաստ չի ստանա, իսկ 22-ից հետո` կարող է ստանալ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 ամսվա ընթացքում որոշում է կայացվում, և նպաստը վճարվում է: