Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան։ Երեկ նրան ու ուղեկցող անձանց ընդունել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Եվրոպացի խորհրդարանականի այցը ճանաչողական է. օբյեկտիվ զեկույց պատրաստելու համար չէր կարող չայցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու եւ ծանթանալու իշխանությունների եւ հասարակության տեսակետներին՝ հիմնախնդրի եւ նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ,-նշել է նա։
Տոմաշ Պորեբան երեկ Ստեփանակերտում հանդիպել է նաեւ ԼՂՀ փախստականների միության մի խումբ անդամների հետ: Եվրոպացի խորհրդարանականի տեղեկացմամբ՝ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաեւ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները:
Միության անդամները հիշեցրել են, որ ահա ավելի քան քսան տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում ապաստան գտած ադրբեջանահայերը, չունենալով միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ, զրկված են մարդասիրական բնույթի արտաքին օգնությունից: Նրանց աջակիցը միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են:
Եվրախորհրդարանի պատգամավորին այսօր ընդունել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը. հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը եւ Տոմաշ Պորեբան կարեւորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ կապերին: Այս համատեքսում նրանք կարեւորել են նաեւ այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: