Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում:
Թե ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշեց, որ հարցն ավելի շատ բարոյական հարթությունում է: «Ինձ են դիմել բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ կոչումը ստացած այս կամ այն անհատի ունեցած արժանիքների հանդեպ: Թե ինչքանով են նրանք իրավացի, դա է հանրային կարծիքը, և մենք պետք է ընդունելի որոշում կայացնենք: Այս ծանր պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա, քանի որ 90-ականներին, երբ ընդունվել է այդ օրենքը, ես էի ղեկավարում Խորհրդարանը»,- ասել է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ առաջարկում է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետ շնորհել միայն հետմահու:
Ա. Թովմասյանի խոսքով՝ այս առումով շատ լավ փորձ ունի Իսրայելը, որտեղ դեռևս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, և իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի: «Ես ևս կիսում եմ այդ հեղինակավոր տեսակետը և գտնում եմ, որ Արցախի հերոսի կոչմանն արժանի են ամբողջ Արցախի ժողովուրդը և մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր պատերազմի ամենածանր տարիներին գտնվել են Արցախում: Իհարկե, շարունակելով թեման՝ պետք է ասեմ, որ, չնայած վարչապետ Գուրիոնի պնդումներին, Իսրայելում, այնուամենայնիվ, օրենքն ընդունվել է, և 1949թ.-ին այդ կոչմանը արժանացել է 12 հոգի, որոնցից 4-ը՝ հետմահու: Այնուհետև 21 տարի ոչ ոքի այլևս այդ կոչումը չի տրվել, իսկ 1970թ.-ին օրենքը փոփոխության է ենթարկվել, ըստ որի վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը և փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը, որով բացի զինվորականներից, հավասարապես պարգևատրվում են նաև գիտության, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձինք»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ընդգծելով, որ այս հարցում էական նշանակություն կունենան նաև հանրային քննարկումները:
Մեր այն հարցին, թե որն է մարդուն կենդանության օրոք հերոսի կոչմանն արժանացնելու մտավախությունը, Ա. Թովմասյանն ասաց, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրած չեն: