Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Պետական բյուջեի միջոցները շռայլ ծախսելը բնորոշ է բոլոր նախարարություններին, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը, որը կոչված է մշակել եւ իրականացնել պետական եկամուտների ձեւավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում կառավարության քաղաքականությունը: Եթե, օրինակ, կրթության եւ գիտության նախարարության կողմից պետբյուջեի 160 մլն դրամի չհիմնավորված ծախսերը դեռ կարելի է հասկանալ, ապա անհասկանալի է ֆինանսների նախարարության կողմից 27 մլն դրամի թղթի ձեռքբերման ծախսը, այն դեպքում, երբ այդ քանակության թղթի կարիք նախարարությունը չի ունեցել։
Երեկ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը հետաքրքիր բացահայտումներ ներկայացրեց: Ֆինանսների նախարարության պաշտոնյան սեփական նախաձեռնությամբ անդրադարձավ միայն չորս նախարարությունների` քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունների թույլ տված խախտումներին: Նա խոսեց նաեւ «Երեւանի ոսկերչական գործարան» պետական ընկերության խախտումների մասին։
Ըստ Ս.Ղարիբյանի` 2009-2010 թթ. ստուգումների արդյունքում պետական եւ համայնքային բյուջե վերականգնած կամ վերաձեւակերպված գումարները կազմել են 12,6 մլրդ. դրամ, ինչը մոտ 7 անգամ ավելի է, քան 2007-2008 թթ. ցուցանիշը (1,9 մլրդ. դրամ)։ Այս տարվա բաժինն ընդհանուր 12,6 մլրդ. դրամում կազմել է 8,4 մլրդ։ Ըստ նրա՝ այս տարի իրականացվել է 60 ծրագրային ստուգում, ինչը 2007թ. համեմատ 5 անգամ քիչ է, սակայն արձանագրված գումարների ծավալը 50%-ով ավելի է։ Ղարիբյանի խոսքով` թերի կառավարումը եւ ստուգումների թույլ համակարգը պետական համակարգի հիմնական ռիսկերից են:
«Կապիտալի» հարցին, թե ինչով է պայմանավորված խախտումների նման աճը, ֆիննախի պաշտոնյան անորոշ պատասխան տվեց. «Ես պատկերելի ներկայացնում եմ ֆինանսական վերահսկողության վարչության գործունեությունը վերջին երեք տարվա մասով։ Ես պետական ոլորտ եկել եմ 2008թ. դեկտեմբերին, իսկ թե 2007-2008 թթ. ինչպիսին էր պետական ոլորտի պատկերը, մանրամասն չգիտեմ»:
Խոսելով առանձին նախարարությունների խախտումների մասին` տիկին Ղարիբյանը նշեց, որ, օրինակ, կրթության եւ գիտության նախարարությունում վերջին երկու տարիների կտրվածքով արձանագրվել են 160 մլն. դրամի խախտումներ, որից 50 մլն-ը՝ հենց նախարարության գծով, եւ այդ գումարները վերականգնվել են, իսկ մնացած գումարի մասով խախտումները վերաբերում են նախարարության ենթակայության տակ գործող 10 բուհերի։ Ըստ նրա՝ խախտումների բնույթը հիմնականում նույնն է բոլոր բուհերում եւ վերաբերում է ուսանողների ոչ արժանահավատ թվի ներկայացմանը, տնտեսված կենսաթոշակները բյուջե չվերադարձնելուն եւ այլնի։
Ճանապարհաշինության ոլորտում արձանագրված խախտումներն էլ, ըստ նրա, վկայում են այն մասին, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ոչ պատշաճ վերահսկողություն է կատարում։ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրի շրջանակում վերականգնվող 26 ճանապարհահատվածներում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ անավարտ աշխատանքներն ավարտելու համար տրանսպորտի եւ կապի նախարարությունը բյուջեից պահանջել է 6,8 մլրդ. դրամ, այն դեպքում, երբ 5 մլրդ-ը լիովին բավարար էր։ Այս տարվա հունվարին տրանսպորտի եւ կապի նախարարությունում կատարված ուսումնասիրության արդյունքում խախտումներ են արձանագրվել նաեւ ճանապարհների ամառային եւ ձմեռային պահպանման ու շահագործման ծրագրերի շրջանակում։ Այստեղ արձանագրվել է 50 մլն. դրամի խախտում։ Ըստ Ս.Ղարիբյանի` Հայաստանում ճանապարհների շահագործման եւ պահպանման համար պետբյուջեից միջոցներ են հատկացվել կապալառուներին` առանց հաշվի առնելու փաստացի կատարողականը։ «Այսինքն` ձյուն է եկել կապալառուն իր գումարը ստացել է, ձյուն չի եկել, էլի գումար է ստացել»,- ասաց Ղարիբյանը։
Ընթացիկ ստուգումների արդյունքում ֆիննախը վերհանել է խախտումներ նաեւ Հալիձոր-Տաթեւ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներում։ Այս ճանապարհահատվածում աշխատանքների համար պետբյուջեից նախատեսված էր հատկացնել 560 մլն. դրամ։ Կապալառու ընկերությունը ներկայացրել է անիրատեսական աշխատանքների ծավալներ։ «Ողջ նախագծի 70%-ը բաժին է ընկել հողային աշխատանքներին, եւ Դ278 մլն-ը, ըստ փաստաթղթերի, ծախսվել է 191 հազ. տոննա հողի տեղափոխման համար»,- ասաց Ղարիբյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքը կատարելու համար 10 տոննա տարողությամբ 24 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը օրական 20 երթ պետք է կատարեր` 40 օր անընդմեջ։
Հավանաբար, տիկին Ղարիբյանը չէր խոսի իր վերադաս գերատեսչությունում` ֆինանսների նախարարությունում արձանագրված խախտումների մասին: Սակայն «Կապիտալին» հետաքրքրեց, թե ինչ խախտումներ են արձանագրվել այդ նախարարությունում: Պարզվում է, որ ֆինանսների նախարարությունում արձանագրված խախտումները բոլորովին էլ չեն տարբերվում մյուս նախարարություններում արձանագրված խախտումներից:
«Առանձին ծախսային հոդվածներում գումարներ են նախատեսել` առանց հաշվի առնելու նախորդ տարվա մնացորդը եւ տվյալ տարվա պահանջարկը։ Մասնավորապես` խախտումներ են արձանագրվել գրենական պիտույքների, թղթի, քարտրիջների ծախսային հոդվածներով: Միայն թղթի մասով 27 մլն. դրամի, իսկ ընդհանուր առմամբ` 32 մլն. դրամի խախտումներ են հայտնաբերվել»,- նշեց տիկին Ղարիբյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնանկությունը [երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից], ըստ Ղարիբյանի, կապ չունի այդ կառույցում իրենց իրականացրած ստուգումների հետ: Նշենք, որ այս նախարարությունում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 160 մլն. դրամի խախտումներ, որից 108 մլն-ը` հենց նախարարության մասով։ Մնացած խախտումները վերաբերել են մանկատներին եւ ծերանոցներին:
Ի դեպ` «Երեւանի ոսկերչական գործարանը», որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է պետությանը, 2 մլրդ. դրամիի պարտքերը պարզապես դուրս է գրել` պարտապանից ստանալու փոխարեն։