կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-01 21:26
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Մահմեդականացում

ԱԶԳ. Մահմեդականացում

ԽՍՀՄ-ում, ինչպես ժպիտով հիշում են «Մայակ», «Ամերիկայի ձայն» և «Գերմանական ալիք» ռադիոկայանները լսելու հնարավորություն ունեցածները, կար այսպիսի մի տարածված կարծիք` Ռուսաստանը հրեաների պատմական հայրենիքն է, Իսրայելը` «նախապատմական», իսկ ԱՄՆ-ը բոլոր հրեաների հայրենիքն է:

 

Վերջին օրերին իսրայելցի մի հրապարակախոս էլ հրեական կայքերից մեկում գրեց. «Այսօր Ռուսաստանում շատ քչերն են հիշում իրենց հրեական ծագման մասին, այնպես, ինչպես Իսրայելում են շատերը մոռացել իրենց ռուսական արմատները: Դեռևս Լև Տոլստոյն էր ասում. «Հրեաներին սիրելը դժվար է, բայց անհրաժեշտ»: Լավ կլինի, որ երկու կողմերում էլ հասկանան դա, և Ռուսաստանը «գա Երուսաղեմի ճանապարհով»: Էլ ավելի լավ կլինի, եթե ռուսներն այդ ժամանակ Երուսաղեմում հանդիպեն հրեաների»: Հրեա հրապարակախոսի մտավախությունը տեղին է. պատմական ճակատագրի, ու եթե կուզեք նաև` ազգային առանձնահատկության հետևանքով, հրեաները հայերիս պես հաճախ են բռնել գաղթի ճանապարհը: Շատերը չեն կարողացել «նոր հայրենիքում» էլ գտնել իրենց: Այդ կապակցությամբ նույնիսկ կա այսպիսի պատմություն. Միջերկրական ծովում, երբ դեռ կար Սովետների երկիրը, լողում են երկու նավ` մեկը Միությունից Իսրայել, մյուսը` հակառակը, երկուսի տախտակամածին էլ կանգնած են երկու հրեա: Երբ ծովի մի կետում նավերը հանդիպում են, հրեաները նայում են միմյանց ու ասում. «Դու, հո հիմար չես, ո՞ւր ես գնում»:

 

Սակայն միայն գաղթը չէ, որ ստիպել է հրեա հրապարակախոսին` հայտնել մտավախություն: Ինչպես հայտարարել է Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոն` «2009-ին մահմեդականները դարձել են Իսրայելի ամենամեծ փոքրամասնությունը. մեկ մահմեդական կինը, միջին հաշվով, Իսրայելում ունենում է 3,7 երեխա, երբ հրեա կինը միջինը ծննդաբերում է 2,96 երեխա»: Այս ցուցանիշը ավելի բարձր է, քան, օրինակ, Եգիպտոսում, Լիբանանում կամ Սիրիայում: Այսինքն, միջին հաշվարկներով, ավելի շատ մահմեդականները ծնվում են Իսրայելում, քան վերոհիշյալ մահմեդական երկրներում: Այսօրվա դրությամբ, վիճակագրական բյուրոն, երկրում հաշվել է ավելի քան 1 մլն 286 հազար մահմեդականների, ինչը նշանակում է, որ նրանց թիվը անցյալ տարվա համեմատությամբ աճել է 32 հազարով: Կոնկրետ Երուսաղեմում կան 264 հազար մահմեդականներ, որ քաղաքի ամբողջ բնակչության 34,2 տոկոսն է: Վիճակագրական բյուրոն նաև հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ Իսրայելի աշխատաշուկայի 39,5 տոկոսը զբաղեցրել են մահմեդականները, երկրի բուհերում սովորողների 6,5 տոկոսն են մահմեդական, երբ 1989-ին նրանք 3,1 տոկոսն էին ընդհանուրի: Ընդ որում նշվում է, որ մահմեդական դիմորդները հիմնականում նախընտրում են բժշկությունը և ավելի քիչ գերապատվություն տալիս ճարտարապետությանն ու ինժեների մասնագիտությանը:

 

Ահա և հրեա հրապարակախոսի մտավախության իրական պատճառը` «Իսրայելը մահմեդականացվում է», որքան էլ տարօրինակ է հնչում: Չնայած պետք է նշել, որ հրեաների երկրում ապրող մահմեդականների միայն 9 տոկոսն է իրեն համարել «անչափ կրոնական», 51 տոկոսը նշել է, որ իրենք «կրոնական են», 29 տոկոսը` «ոչ այնքան կրոնական», իսկ տասը տոկոս մահմեդականները առհասարակ իրենց համարում են «ոչ կրոնական»: Այս հանգամանքները չեն կարող լրիվ ցրել հրեաների մտավախությունները, մանավանդ որ, ինչպես գրում են իսրայելական կայքերը. «ԱՄՆ-ի պահանջով Իսրայելը խոստովանել է, որ ինքը տեսանելի ապագայում չի դիտարկի Իրանի վրա հարձակվելու հնարավորությունը»: Բացի այդ` Իսրայելի կառավարության նոյեմբերի 17-ի որոշմամբ «Իսրայելը կնահանջի Լիբանանի հետ սահմանակից Ռաջար գյուղի հյուսիսային մասից»:

 

Հրեաների մտավախությունները չեն կարող ցրվել թեկուզ այն պատճառով, որ սփռված լինելով աշխարհով մեկ՝ նրանք շատ լավ տեսնում են, որ «մահմեդականացումը» ոչ միայն Իսրայելի խնդիրն է. Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում ավելի ու ավելի շատ են սկսել քայլել «Մուհամմեդները», նույնիսկ ավանդապաշտ Բրիտանիայում Մուհամմեդը ամենատարածված անունն է դարձել նորածինների շրջանում: Իհարկե` այս ամենը վտանգ չի ներկայացնում, վտանգն այն է, որ մահմեդականներից շատերը պատրաստ են ջիհադի` անգամ Փարիզի Հաղթակամարի տակ: Իսկ Իսրայելը, որպես կանոն, մահմեդականության հիմնական ու գլխավոր թշնամին է եղել բոլոր ժամանակներում, ու եթե մահմեդականացումը սպառնում է նաև հրեաների երկրին, ուրեմն... ռադիո «Մայակ»-ից, «Ամերիկայի ձայն»-ից կամ «Գերմանական ալիք»-ից մի օր կարող ենք և լսել «Ալահ աքբար»: