Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանցի մի խումբ երիտասարդ կանայք` ներկա եւ ապագա մայրեր, կարծում են, որ վտանգված է նրանց և իրենց երեխաների ապագան և դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքներն ու կանխել երկրին սպառնող վտանգները:
Վերջերս Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդ օրենքի՝ նախատեսվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի (այսպես կոչված՝ յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի) նպաստների սահմանափակում:
«Եթե մինչև օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով (140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով), ապա այս օրինագիծն առաջարկում է սահմանափակել նպաստը՝ առավելագույնը 150.000 դրամի չափով:
«Այս փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները` այն է` յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք և պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»,- գրված է դիմումում:
Ներկա և ապագա մայրերի կարծիքով` փոփոխությունը կարող է հանգեցնել արատավոր երեւույթների՝ ծնելիության անկման, աշխատավարձերի ստվերայնության ավելացման, երիտասարդ ներուժի արտագաղթի և այլն:
Դիմում-նամակի հեղինակները խնդրում են նախագահին չվավերացնել օրենքի նախագիծը: «Օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն: Խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի` ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը»,- ասված է Հայաստանցի մի խումբ երիտասարդ կանանց նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-նամակում: