Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաշաթաղի շրջանում կա 30-ից ավելի եկեղեցիներ, բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր, հազարավոր հայատառ արձանագրություններ,-երեկ Ստեփանակերտում կայացած «Մեր Քաշաթաղը» գիրք-ալբոմի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ալբոմի հեղինակ, Բերձորում գործող «ՀայԵր» երիտասարդական ակումբի նախագահ Համբարձում Արզանյանը:
Գիրք-ալբոմում զետեղված են շրջանի եկեղեցիների, խաչքարերի, պատմամշակութային այլ հուշարձանների շուրջ 300 լուսանկարներ, ինչպես նաեւ` պատմական ակնարկ` Քաշաթաղի շրջանի մասին: Լուսանկարների հեղինակը Զոհրապ Ըռքոյանն է, իսկ ծրագիրն իրականություն է դարձել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
«Համոզված եմ, որ այս ալբոմի մեջ զետեղված չեն այն բոլոր հուշարձանները, որոնք կան շրջանում: Մենք այս նախաձեռնությամբ փորձում ենք` նախ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այս ալբոմի վրա, երկրորդ` դարձնել այն հնարավորինս վարակիչ»,-նշել է Համբարձում Արզանյանը: Նա նաեւ հավելել է, որ նպատակ չեն դրել քաղաքական ինչ-որ գործ կատարել կամ ինչ-որ մեկին ապացուցել ճշմարտությունը, քանի որ «դա վաղուց անում են ալբոմի հերոսները` հուշարձանները»: «Մեր նպատակը դրանց գոյությունը փաստելն է, իսկ հետեւությունները թող անեն նրանք, ովքեր կասկածներ ունեն Քաշաթաղի վերաբերյալ»,-շեշտել է «ՀայԵր» ակումբի նախագահը:
Պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարումն ու ներկայացումը շատ ողջունելի է, բայց շատ ավելի կարեւոր է դրանց կործանումից փրկելն ու պահպանելը, հատկապես, որ շրջանում կան եկեղեցիներ, որոնք շատ շուտով կարող են փլվել ու վերանալ: Բնականաբար, պետական միջոցները բավարար չեն հանրապետության տարածքում հազարավոր հուշակոթողների պահպանման համար, եւ ինչպես նշեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` այդ գործում իր աջակցությունը պետք է ցուցաբերի նաեւ հասարակությունը:
Հնարավոր է նաեւ հովանավորների աջակցությունը: Ամեն դեպքում`աշխատանքներն անհրաժեշտ են, հատկապես, որ մյուս տարվանից սկսվելու է հարավային զբոսաշրջային երթուղու` Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Տող-Հադրութ-Արաքսի հովիտ, բարեկարգման աշխատանքները: Այնպես, որ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ նաեւ Քաշաթաղի շրջանին, շփվել այնտեղի բնակիչների հետ: