կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 11:15
Հասարակություն

Արցախյան առաջին պատերազմից մինչև ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ․ այսօր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Արցախյան առաջին պատերազմից մինչև ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ․ այսօր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Այսօր Հայոց զինված ուժերի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է։ Իր 55-րդ տարեդարձը զորավարը դիմավորում է Բաքվի բանտում՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելով արդեն երեք տարի։

Դավիթ Մանուկյանի զինվորական ուղին ձևավորվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին և շարունակվել ՊԲ-ի կայացման ու զարգացման ողջ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Տարիների ծառայության ընթացքում նա անցել է զինվորական ու հրամանատարական տարբեր աստիճաններով՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնելով Արցախի զինված ուժերի ամրապնդման գործում։ 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 2020 թվականի փետրվարին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

44-օրյա պատերազմի ծանրագույն փորձության օրերին Դավիթ Մանուկյանը շարունակում էր ծառայությունը Պաշտպանության բանակի հրամանատարական բարձրագույն օղակում՝ մասնակցելով բանակի կառավարման և պաշտպանության կազմակերպման պատասխանատու աշխատանքին։

Նրա զինվորական կենսագրությունը սերտորեն միահյուսված է Արցախի զինված ուժերի շուրջ երեք տասնամյակների պատմությանը՝ առաջին պատերազմի մարտական փորձությունից մինչև Պաշտպանության բանակի կազմավորման, կայացման ու զարգացման տարիները։ Եվ այսօր, երբ զորավարը հարկադրված է իր ծննդյան օրը դիմավորել բանտային խցում, նրա անցած ուղին հիշեցնելը նաև պարտքի ու պատասխանատվության հարց է։

Շնորհավոր ծնունդդ, գեներա՛լ։ Ազատությո՛ւն քեզ և բոլոր գերևարված հայերին։

 

Աղբյուրը՝ «Գոյամարտ»-ի էջից