|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ այս պահը չի հրապարակել Ազգային ժողովի պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը։ Ընդ որում վերջիններս պարտավոր են պաշտոնը ստանձնելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարագրերը ներկայացնել ԿԿՀ։ Հանձնաժողովի հայտարարագրերի վարչության պետ Տիգրան Ծատուրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ հայտարարագրեր ներկայացնելը որոշակի գործընթացներ կան, որ պետք է նախաձեռնվեն․ «Ազատման կամ նշանակման բոլոր հրամանները պետք է ստորագրվի ու ուղարկվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը նրանց տվյալները մուտքագրի։ Հիմա ԱԺ աշխատակազմում քանի որ միանգամից 300-ից ավելի մարդ ազատվել ու նշանակվել է, այդ գործընթացը բավականին երկար է տեւել»։
Ծատուրյանը նշեց նաև, որ այն պաշտոնյաները, որոնց նոր պաշտոնի նշանակվելու ու նախորդից ազատվելու միջեւ եղած ժամկետը չի գերազանցել 30 օրը, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Այս դեպքում խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին ու նախորդ խորհրդարանում մանդատ ունեցած պատգամավորներին։ Նա նաեւ նշեց, որ ԿԿՀ-ն պատգամավորներից հայտարարագրեր ստացել է, եւ արդեն մեկնարկում են դրանք համակարգ մուտքագրելու գործընթացը։
Նշենք, որ եթե հայտարարատու անձը հայտարարագիր չի ներկայացնում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրավոր ծանուցում է նրան։ Ծանուցումից հետո օրենքով նախատեսված 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում կիրառվում է վարչական տուգանք՝ 200 հազար դրամ։ Իսկ տուգանքից հետո կրկին չներկայացնելու դեպքում քրեական գործ է հարուցվում»։